Մշակույթ

Ջազի ազատությունը հնարավորություն է տալիս արտահայտել հույզերդ այնպես, ինչպես ցանկանում ես. Վարդան Օվսեփյան

13 րոպեի ընթերցում

Ջազի ազատությունը հնարավորություն է տալիս արտահայտել հույզերդ այնպես, ինչպես ցանկանում ես. Վարդան Օվսեփյան

Դաշնակահար Վարդան Օվսեփյանին ջազը գրավում է մտքի, կատարողականության, հույզերն արտահայտելու ազատությամբ։ Կարծում է՝ հատկապես իմպրովիզացիոն ջազը ունկնդրի հետ անմիջական կապ հաստատելու, համատեղ երաժշտություն ստեղծելու լավագույն միջոցն է։ Ամերիկաբնակ դաշնակահարը տարվա ընթացքում համերգներով ներկայանում է աշխարհի տարբեր երկրներում, պարբերաբար այցելում է նաև հայրենիք և տոն է նվիրում տեղի երաժշտասերներին։ 

Օվսեփյանն օրեր առաջ Երևանում էր։

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է դաշնակահարի հետ՝ փորձելով որոշ հարցերի միջոցով ավելին իմանալ նրա մասին։ 

-Շատ տպավորված էի, երբ առաջին անգամ լսեցի Ձեր կատարումը, Ձեր վարպետությունը, ստեղնաշարի հետ խաղը, գրավիչ էին։ Կարծում եմ՝ հանդիպումը հետաքրքիր արտիստի, երաժշտի հետ կարող է նոր բացահայտումների առիթ դառնալ երաժշտասերի համար։ 

-Շնորհակալ եմ, իսկապես այդպես է։ Ոճային շերտերը ևս շատ հետաքրքիր են. երբ միայն տրադիցիոնալ ոճում չես, բաց ես, սահմաններ չունես, դուրս ես կաղապարներից։ Այժմ ֆլամենկո ոճում ստեղծագործող երաժիշտների հետ եմ համագործակցում. քառյակ է։ Խմբի միակ երաժիշտը, որը ֆլամենկո ժանրում չի կրթվել, ես եմ, և քառյակը սահմաններից դուրս է գալիս, և այն մարդիկ, որոնք ցանկանում են ֆլամենկոյից այլ գույներ ստանալ, ստանում են։ 

-Հետաքրքիր է, Վարդան, վաղ տարիքից եք տարվել արևմտյան դասական երաժշտությամբ և ջազով։ Ի՞նչ ունի ջազը, որը պակասում է այլ ժանրերին։ 

-Ազատություն։ Համոզված եմ, որ բոլոր ջազ երաժիշտներն այդ մասին մտածում են, խոսում են։ Ազատությունն է, որը հնարավորություն է տալիս արտահայտել հույզերդ, մտքերդ այնպես, ինչպես ցանկանում ես։ 

-Երբ նվագում եք և արտահայտում եք այդ ազատությունը, ի՞նչ արձագանք եք ակնկալում, պատրա՞ստ եք նրան, որ, գուցե, հանդիսատեսն այդ ազատության մասնիկը չդառնա։ 

-Իհարկե։  Այնքան նուրբ բան է առանց խոսքի երաժշտության և էներգիայի միջոցով հաղորդակցումը կատարողի և ունկնդրի միջև։ Երբեմն մեր կատարումը մեծ կապ ունի հանդիսատեսի էներգիայի հետ։ Շատերն են հարցնում, թե ինչ կապ ունի ունկնդիրը, չէ՞ որ մենք մեր աշխարհում ենք, բայց այնքան էլ այդպես չէ։ Կարող եմ ասել, որ միասին ենք կերտում երաժշտությունը։ 

-Ասում ենք՝ երաժշտությունն ազգեր, լեզուներ, կրոններ չի ճանաչում։ Մարդիկ սիրում են ազատություն, որը նաև ջազում է արտահայտված։ Ինչո՞ւ է ջազը շարունակում շատերի համար ոչ դյուրամարս երաժշտություն մնալ։ 

-Կարծում եմ՝ դա կապված է կրթության հետ, այն բանի հետ, թե տվյալ մարդու ընտանիքում ինչ երաժշտություն են լսել։ Եթե սովոր են մեղմ, հասարակ կամ փոփ հնչյուններին, ջազը բարդ կընկալվի, քանի որ այն աբստրակտ է։ 

-Ըստ իս՝ աբստրակտ նկարչության պարագայում ևս այդպես է։

-Եթե գնանք ցուցահանդես, որտեղ ռեալիստական ժանրի գործեր են, այն կարող է ավելի շատ  մարդկանց գրավել, քան աբստրակտը։  Մի քիչ պետք է եփված լինել այդ ժանրում, սովորել։ 

-Սովորել եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հետո կատարելագործվել եք արտերկրում։ Ի սկզբանե ջա՞զն եք ընտրել որպես մասնագիտություն, թե՞ որոնումների արդյունքում եք այն գտել։ 

-Շատ սահուն էր անցումը։ Կոնսերվատորիայում սովորում էի ժամանակակից կոմպոզիցիա, ուսումնասիրում էի 20-րդ դարի կոմպոզիտորներին՝ Արամ Խաչատրյան, Ստավինսկի, Շոստակովիչ և այլք։ Նրանց երաժշտությունն ինչ-որ չափով նաև ջազային էր, ուստի անցումը գրեթե չի նկատվել։ Միայն իմպրովիզացիոն տարրեր ավելացան, բայց հարմոնիայի գույները, ռիթմերն արդեն ջազային տարածքում էին։

-Կարո՞ղ ենք ասել, որ ջազը տրամադրություն է։

-Միանշանակ։

-Հնարավո՞ր է՝ ջազ երաժիշտը միայն կատարող լինի, չստեղծագործի, թե՞ դա բացառված է։

-Ջազում կան իմպրովիզատորներ, որոնք մեծ անունների հետ նվագում են բենդերում և չեն ստեղծագործում։ Երբեմն իրենց նվիրում են իմպրովիզացիոն տեխնիկան կատարելագործելուն։

-Իսկ Դուք ո՞ր փուլում սկսեցիք նաև ստեղծագործել, երաժշտություն գրել։

-Ութ կամ ինը տարեկանից եմ ստեղծագործում, բայց  այն, ինչ գրում էի, ջազի հետ կապ չուներ։ Քեռիս է ինձ հետ պարապել։ Երեխա էի, երբ ծնողներս ինձ հանձնեցին քեռուս՝ խնդրելով պարապել ինձ հետ։ Երկու տարի նրա հետ եմ ապրել։ Նման որոշումներ ծնողները կայացնում են այն ժամանակ, երբ իրենց չիրականացած երազանքը փորձում են երեխայի միջոցով իրականացնել։ Մայրս ցանկացել է երգել, բայց նրան թույլ չեն տվել։ Նա մեծ ներդրում ունեցավ երաժիշտ դառնալուս գործում։ Հայրս ևս աջակցել է։ Ես էլ, քույրս էլ գնացել ենք երաժշտական դպրոց, բայց այդ տարիներին նրանք չէին մտածում, որ երաժշտությունն իմ ապագան է։ Դա իմ որոշումն էր։

-1994 թվականին եք արտերկիր մեկնել։ 

-Շատ երիտասարդ էի, շատ բան չէի հասկանում, բայց մի բան հստակ ընկալել էի, որ փոքր դաշտում չեմ կարողանա շատ առաջ գնալ, ինձ ավելին էր հարկավոր։ 

-Ո՞ր երկրներում ծավալվեց Ձեր գործունեությունը։ Գիտեմ, որ կվարտետ ունեք, անսամբլ եք հիմնադրել, Հայաստանում տրիոյով եք հանդես գալիս։ Մասնագիտական վերելքներից ո՞ր կետն է Ձեզ համար առանձնահատուկ։

-Իմ ամենամեծ պրոյեկտներից մեկը VOCE կամերային խումբն է, որը հիմնադրել եմ 2005-ին Բոստոնում, 2009-ին Լոս Անջելես տեղափոխվելուց հետո շարունակեցինք այնտեղ աշխատել նոր խմբով։ Մյուս մեծ պրոյեկտը «Ֆրակտալ սահման» դուետն է երգչուհի Տատյանա Պառայի հետ։ Տատյանան Բրազիլիայում է ապրում։ Այս նախագծերը մեծ հաջողություն ունեցան։ Կամերային խմբով ճանապարհորդելը դժվար է, քանի որ 13-15 հոգի ենք, բայց Տատյանայի հետ շատ ենք շրջագայել, Եվրոպայում, Ասիայում խոշոր փառատոնների ենք մասնակցել։ 2009-ին, երբ տեղափոխվեցի Լոս Անջելես, սկսեցի համագործակցել հանրահայտ թմբկահար Փիթեր Էրսքինի հետ, որը Weather Report խմբից է։ Նրա հետ աշխատելն ինձ շատ օգնեց, քանի որ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցի, նկատվեցի։ Տասը կամ 12 տարի աշխատեցի Էրսքինի հետ։

-Որքան երկիրը մեծ է, այնքան մրցակցությունն ավելի մեծ չէ՞։

-Չինաստանն էլ է մեծ երկիր, բայց այնտեղ ջազը սկսնակ է։ ԱՄՆ-ի անգամ փոքր քաղաքներում մրցակցությունը մեծ է, Եվրոպայում՝ ևս։ Իմ կյանքն այնպես դասավորվեց, որ 1997 թվականին Բերկլիի երաժշտության քոլեջի թոշակ ստացա։ Հազարավոր ուսանողներ են այնտեղ գալիս. 3, 5 տարվա ընթացքում 300-400 հոգու հետ շփվեցի, նվագեցի, կապեր հաստատեցի։ Նրանք վերադարձել են իրենց երկրներ՝ Եվրոպա, Ասիա, տարբեր նահանգներ։ Մեկը փառատոն է կազմակերպում, մյուսը ռադիոյում է աշխատում և այլն։ Այդ կապերն օգնում են միշտ զբաղված մնալ։

-Իսկ երբևէ մտածե՞լ եք Հայաստան վերադառնալու և այստեղ հաստատվելու մասին։

-Դժվար կարողանամ այս փոքր դաշտում երկար մնալ, բայց մտածում եմ գալ մի քանի ամիս մնալ այստեղ, կոնսերվատորիայում աշխատել ուսանողների հետ, բայց ինչքան առաջարկություն արել եմ, արձագանք չի եղել։ Երիտասարդ իմպրովիզատորների, հորինողների գտնելու ցանկություն ունեմ։

-Ձեր երևանյան համերգների տոմսերը շատ արագ են սպառվում։ Ո՞վ է Ձեր հանդիսատեսը։

-Համերգներիս հիմնականում հասուն մարդիկ են գալիս։ Ձիթողցյանի արվեստանոցում կայացած համերգին 35-ից 55 տարեկան կանայք էին, տղամարդիկ։ Երաժիշտներ կան, որոնց  լսում են բազմաթիվ պատանիներ, գուցե, ոճն է պատճառը։ Նախընտրում են արագ նվագը, ոչ թե հոգեկան բավարարվածություն ստանալը։

-Ձեզ համարում եք երրորդ հոսանքը պահպանող երաժիշտ։ Կմանրամասնե՞ք, թե որն է երրորդ  ալիքը, և ինչո՞ւ եք որոշել այն պահպանել։

-Փոքրուց եմ սկսել դասական երաժշտություն նվագել, որոշ կոմպոզիտորների գործերի սիրահարված եմ մինչ օրս։ Առանց դասական երաժշտության ջազը կարող է գոյություն ունենալ, բայց ես սիրում եմ երկուսի համադրությունը։ Կան մարդիկ, որոնք տրադիցիոնալ ջազն են նախընտրում, որն առանց դասականի է։ Երրորդ հոսանքը դասականի ու ջազի միաձուլումն է։ Եվրոպացի ջազմենները հիմնականում այդ ուղղության կրողն են, իսկ ամերիկացի ջազմենները՝ տրադիցիոնալ։

-Ապրիլի 30-ին նաև Հայաստանում նշվում է Ջազի միջազգային օրը։ Կասկադում  հնարավոր չի լինում քայլել, որովհետև այն մարդաշատ է դառնում. մարդիկ գնում են ջազ վայելելու։ Հետևո՞ւմ եք Հայաստանում ջազի զարգացումներին։

-Հայկական ջազն ամուր է, սակայն ինձ թվում է՝ Հայաստանի երիտասարդներին շատ է հուզում BBP ամերիկյան ավանդական ջազը։ Մատներիս վրա կարող եմ հաշվել երաժիշտներին, որոնք հետաքրքրված են եվրոպական ճյուղով։ Նրանցից է  դաշնակահար Կարեն Մամիկոնյանը։ Եթե լսեք նրա երաժշտությունը, կզգաք մեղեդայնությունը, դասական երաժշտության հարմոնիաները։ BBP-ին քննադատորեն չեմ մոտենում, որովհետև շատ կարևոր ուղղություն է։ Ես դրա միջով անցել եմ ու մինչ օրս լսում եմ այդ վարպետներին։ Վտանգը նրանում է, որ այդ ոճն ուսումնասիրում ես ու մնում ես այդտեղ, զարգացում չես ապրում։ 

-Մանկավարժական գործունեություն եք ծավալում։ Որո՞նք են ամենակարևոր խորհուրդները, որ տալիս եք Ձեր սաներին։

-Կարողանալ բացել մեր մտքի երևակայական մասը, որ ինքդ քեզանով կարողանաս  կառուցել երաժշտական աշխարհդ։ Ձգտում եմ ուսանողի մեջ ինքնուրույն մտածելու ջիղը զարգացնել, որ նա ոչ մեկից կախում չունենա։

-Ասում են՝ մարդիկ սիրում են, երբ իրենց ղեկավարում են, թելադրում, թե ինչ է պետք անել, քանի որ այդպես ավելի հեշտ է։ Դուք հեշտությա՞մբ եք հասնում նրան, որ ուսանողները որոշեն ինքնուրույն մտածել։ 

-Հեշտ չէ, որովհետև մենք տարբեր մարդիկ ենք։ Երբ երեխան փակ է, դժվար է, երբ մի քիչ բաց է, ավելի հեշտ է աշխատել։

-Երեք տարի դասավանդում եք Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում, այժմ նշանակվել եք ջազ բաժնի համաղեկավար։ Դա Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի։ 

-Մեծ պատասխանատվություն է։ Հիմնական աշխատանքս պայմանավորված է ընդունելություններով, բայց այս ինստիտուտը շատ յուրահատուկ է։ Մենք ոչ միայն նայում ենք որակին, այլև մարդու տեսակին, հատկանիշներին, ուստի հարցազրույցները երկար են տևում, ընտրությունն էլ բարդ է։

-Իսկ հե՞շտ է համադրել մանկավարժի, ղեկավարի, դաշնակահարի և ստեղծագործողի գործը։

-Ոչ։ Ես դեռ փորձում եմ հավասարակշռություն գտնել։ Սեպտեմբերից եմ զբաղվում ադմինիստրատիվ գործով և վերջին մի քանի ամսվա ընթացքում գրեթե նոր ստեղծագործություն չեմ գրել։ Ադմինիստրատիվ աշխատանքը մի փոքր ճնշում է, բայց գիտեմ, որ ժամանակի ընթացքում կկարողանամ ճիշտ հավասարակշռություն ապահովել։

-Երկար տարիներ նվագում եք, մեծ փորձ ունեք։ Դաշնամուրին մոտենալիս ի՞նչ եք զգում. թրթիռ, խանդավառություն կա՞։

-Ոգևորությունը կա, սակայն ավելի ինքնավստահ ես, բայց դա էլ տատանվում է նախագծից նախագիծ։ Կան նախագծեր, որոնց շրջանակում պետք է նոր երաժշտություն սովորեմ, որը բարդ է, ինչի հետևանքով հուզմունքը մեծանում է։ Իմպրովիզացիոն երաժշտության ամենակարևոր գծերից մեկը մտքի, ոչ թե մատների տեխնիկան է։ Դասական երաժիշտների մոտ հիմնականում մատների տեխնիկան է։ Նրանք շատ ջանք են գործադրում կատարելության հասնելու համար։ Իմպրովիզատորների մոտ մտքի տեխնիկան է. ինչքան արագ պետք է լինեն միտքը, գաղափարը, որ հասնեն մատներին ու ընթացքում ոչ մի բախում չլինի, փոխզիջումներ չլինեն, միտքդ արտահայտվի մատներիդ միջոցով։ Դա մեր հիմնական նպատակն է, առավոտից երեկո այդ պայքարն է։

-Վարդան, շնորհակալ եմ զրույցի համար։ Հույս ունեմ, որ ավելի հաճախ Ձեզ կտեսնենք հայրենիքում։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում։

-Շնորհակալ եմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում