Չինաստանի Շենժեն քաղաքը՝ տեխնոլոգիական առաջատարներից մեկն աշխարհում
6 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը՝ Շենժենը, որը չորրորդն է ամենամրցունակ քաղաքների ցանկում, նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի և բիզնեսի խոշոր կենտրոն է։ Պետական և արտասահմանյան հսկայական ներդրումների միջոցով Շենժենը վերածվել է Մարգարտե գետի դելտայի և ամբողջ պետության համար առաջատար արդյունաբերական, տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունեցող քաղաքի։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանից Շենժեն այցելած լրագրողները չէին կարող բաց թողնել երկրի տեխնոլոգիական զարգացումներին անձամբ ծանոթանալու հնարավորությունը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց հյուրընկալ հարկի տակ ջերմ ընդունեց Huawei ընկերությունը։
Huawei-ը, որը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և խելացի սարքերի համաշխարհային առաջատար մատակարար է, հիմնադրվել է 1987 թվականին։ Այն ունի մոտավորապես 208 հազար աշխատակից և գործում է ավելի քան 170 երկրում և տարածաշրջանում՝ սպասարկելով ավելի քան երեք միլիարդ մարդու: Ընկերությունը հանձնառու է թվային տեխնոլոգիաները հասցնել յուրաքանչյուր մարդու, տան և կազմակերպության։
Հայաստանի սպառողին հատկապես ծանոթ են Huawei-ի արտադրած հեռախոսները, սակայն ընկերության գործունեության շրջանակը շատ լայն է՝ անլար ցանցային սարքավորումներ, բազային ցանցային սարքավորումներ (IMS, Mobile Softswitch, NGN), ցանցային սարքավորումներ (FTTx, xDSL, օպտիկական սարքավորումներ, ցանցային անջատիչներ), հավելվածներ և ապարատային անվտանգություն (IN, բջջային տվյալների տեղափոխման ծառայություններ, BOSS), տերմինալներ (UMTS/CDMA) և այլն։
Ընկերության հանրային կապերի և հաղորդակցության բաժնի փոխնախագահ Էդիսոն Սին Huawei-ի հաջողության գրավական է համարում այն, որ կազմակերպությունը շատ ռեսուրսներ է ներդնում հետազոտությունների և զարգացման մեջ։ «Գրեթե ամեն տարի մեր եկամտի 20 տոկոսը ծախսվում է այդ ուղղությամբ։ Աշխատակիցների 50 տոկոսից ավելին աշխատում է հետազոտությունների և զարգացման բաժիններում։ Խոսքը 100 հազար մարդու մասին է»,-նշում է նա։
Անդրադառնալով Հայաստանին՝ Սին ընդգծում է, որ այն, որպես շուկա, հետաքրքրում է իրենց ընկերությանը։ «Վերջերս մի գիրք կարդացի Հայաստանի մասին, կոչվում էր «Երկնքից երեք խնձոր ընկավ»։ Կարծում եմ՝ Հայաստանը հարուստ մշակույթ ունի, գիտեմ, որ այն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ըստ իս՝ դա մարդկության պատմության կարևոր էջերից է։ Շատ յուրահատուկ է հայկական այբուբենը, որը շատ բան է ասում ձեր ժողովրդի մասին։ Չնայած Հայաստանի տարածքը մեծ չէ, այն հոգևոր հայրենիք է աշխարհով մեկ սփռված հայերի համար։ Կարծում եմ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելիս հարկավոր է մշակութային ուղղվածությամբ մտածել ու ոգեշնչել մարդկանց»,-հավաստիացնում է Էդիսոն Սին։
Huawei-ի հայաստանյան գործընկերների մեծ մասը տեղացիներ են։ Կազմակերպությունը փորձում է սպառողների համար արժեքներ ստեղծել՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանն ու հասարակության բարեկեցությանը։
Լրագրողների հաջորդ կանգառը BYD (Build Your Dreams) կոնգլոմերատն էր։ Հայաստանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել BYD-ի արտադրած էլեկտրական ավտոմեքենաների, որոնք ոչ միայն շքեղ են, այլև հզոր։ Կազմակերպությունը ներառում է ավտոմեքենաներ արտադրող BYD Auto-ն, մարտկոցներ և էլեկտրոնիկա արտադրող BYD Electronic-ը։ Ընկերությունն արտադրական բազաներ ունի Շենժենում, Շանհայում, Պեկինում, Ուզբեկստանում, Բրազիլիայում, Թաիլանդում և այլուր։ Այն հիմնադրվել է 1995 թվականին՝ սկզբնապես արտադրելով մարտկոցներ: Ընկերության հիմնադրման համար ընտրվել է Շենժենը, որտեղ էլեկտրոնիկայի արդյունաբերությունն արագ է զարգանում: BYD-ի նպատակն էր սկսել էլեկտրական մեքենաների արտադրություն։ 2008 թվականին ներկայացված BYD F3DM-ը դարձավ աշխարհի առաջին plug-in հիբրիդը, իսկ BYD Automotive Industry-ն սկսեց արտադրել ավտոբուսներ, բեռնատարներ և էլեկտրական շարժիչով ճանապարհային սարքավորումներ։
Ընկերության հիմնական արտադրանքն են ավտոմեքենաները և դրանց պահեստամասերը։
BYD այցի ամենատպավորիչ պահերից մեկն այն էր, երբ լրագրողներին հնարավորություն տրվեց ընկերության տարածքում վարել 236 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Yangwang U9 մակնիշի սպորտային մեքենան։ Զգացողություններն աննկարագրելի էին. այդ մեքենայի ղեկին թվում է, թե թռչում ես, և ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել։
Ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները Շենժենում հյուրընկալվելիս կարող են այցելել նաև DJI խանութ-սրահ, որտեղ հնարավոր է գտնել անթիվ և անհամար դրոններ և այլ տեխնիկա, իսկ խորհրդատուները պատրաստ են պատասխանել հնչող բոլոր հարցերին։
Այն, ինչ տեսան լրատվամիջոցների ներկայացուցիչները, Շենժենի տեխնոլոգիական զարգացման շատ փոքր մասի վկայությունն էին միայն, սակայն փաստում էին՝ բնական է, որ Tech Insider կայքի վարկանիշային ռեյտինգի համաձայն՝ Շենժենն աշխարհի ամենատեխնոլոգիական քաղաքների ցանկում է։