Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն ռազմական համագործակցությունը հնարավոր հարձակումներին հակազդելու համար. իրանցի վերլուծաբան
2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին գնահատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրանցի փորձագետն այդ սցենարը հավանական է համարել այն դեպքում, եթե Իսրայելը Իրանից ստացած հարվածների հետևանքով հայտնվի ճնշման տակ և վտանգ տեսնի իր գոյության համար։
«Եթե Իսրայելը մեծ ճնշման տակ լինի իրանական մահացու հարձակումների պատճառով և տեսնի, որ իր գոյությունը վտանգված է, ապա, հավանաբար, կխրախուսի Ադրբեջանին և Թուրքիային հարձակվել Հայաստանի հարավի վրա՝ Սյունիքը գրավելու և Իրանն աշխարհաքաղաքականորեն շրջապատելու համար, որպեսզի կարողանա հաջորդ փուլում պատրաստվել Իրանի դեմ ուղղված ոտնձգությունների և սահմանափակ ցամաքային հարձակումների։ Իսրայելն Ադրբեջանում ունի խորը ռազմական, անվտանգության և հետախուզական ներկայություն, իսկ Զանգելանում և Ֆիզուլիում գտնվող երկու ռազմական օդանավակայանները բավարարում են Իսրայելի լոգիստիկ կարիքները՝ Իրանի վրա հարձակվելու համար։ Հետևաբար, լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին և Իրանին, և երկու երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներին»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն իրենց ռազմական, հետախուզական և պաշտպանական համագործակցությունը՝ այս հնարավոր հարձակմանը հակազդելու համար։