Չինական Գուանչժոուն՝ կամուրջ պատմության և մեր օրերի միջև
4 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենահզոր պետություններից մեկի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաք հասնելու համար, մեղմ ասած, բավականին երկար ճանապարհ է հարկավոր անցնել, սակայն արժե դա անել, քանի որ այն, ինչ գտնում ես քաղաքում, տպավորում է։
Գուանչժոուն, որը երկրի քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, կրթական, մշակութային կենտրոնն է, աչքի է ընկնում հարուստ բնությամբ, բուսականությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ, գրավում է համեղ և բազմազան ուտեստներով, բարեհամբույր հասարակությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանից Գուանչժոու ժամանած լրագրողներին տեղացիները ջերմ ընդունեցին՝ նշելով, որ յուրաքանչյուր հյուր պարտադիր պետք է ժամանակ գտնի և այցելի քաղաքի հին թաղամասերից մեկը՝ Յունցինֆան։ Այն համարվում է պատուհան, որից հնարավոր է տեսնել Գուանչժոուի հոգին, թաղամաս, որում համադրված են հինն ու ժամանակակիցը։
Յունցինֆանն ավելին է, քան պարզապես զբոսաշրջային վայրը. այն վերականգնված «կենդանի թանգարան» է, որտեղ հին Գուանչժոուի «սիրտն է բաբախում»՝ Մին և Ցին դինաստիաների նրբանցքներով միահյուսելով ժամանակակից մշակույթի և ստեղծագործական արդյունաբերության հետ: Յունցինֆանը Չինաստանի պատմական քաղաքային տարածքի վերածննդի օրինակ է և դարձել է ժառանգության պահպանման, մշակութային վերածննդի խորհրդանիշ։
Թաղամասում շրջելիս նկատում ես ցածրահարկ շենքեր, շինություններ, կրպակներ, սննդի տարբեր կետեր, սակայն հատկապես ուշադրության են արժանի փոքրիկ թանգարանները, թատրոնները, ինչպես նաև սրճարանները, որոնք այնքան գեղեցիկ են, որ անպայման ցանկանում ես ներս մտնել ու վայելել չինական համեղ թեյը։
Յունցինֆանում հնարավոր է հանդիպել Չինաստանի ազգային հագուստով երիտասարդ աղջիկների։ Առաջին հայացքից թվում է, թե նրանք այդպես են հագնվում առօրյայում, պարզվում է՝ ժամանակակից աղջիկներին այնքան է գրավում ավանդական հագուստը, որ բաց չեն թողնում այն կրելու, լուսանկարվելու և երկրի ավանդույթներին վերադառնալու հնարավորությունը։
Մեկ այլ իրականությունում ես հայտնվում, երբ ծանոթանում ես Գուանչժոուի հեռուստաաշտարակին, որը հայտնի է Կանտոնի աշտարակ անվամբ։
Այն աշխարհի երկրորդ ամենաբարձր աշտարակն է՝ 600 մետր։ Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով աշտարակն անտարբեր չի թողնում ոչ մի զբոսաշրջիկի։ Ճերմակ, սլացիկ աշտարակը երեկոյան լուսավորվում է, առավել գեղեցկանում, իսկ աշտարակի գագաթի պտտվող դիտակետը հնարավորուրթյուն է տալիս տեսնել գունագեղ, լուսավորված Գուանչժոուն վերևից։
Աշտարակի 418 և 428 մետր բարձրություններում տեղակայված են պտտվող ռեստորաններ, իսկ 407 մետր բարձրության վրա՝ VIP սրճարան։ Աշտարակին կից Կանտոնյան գետն է։ Գետի վրա նավով շրջելու համար հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում քաղաք։ Մենք ևս բաց չթողեցինք այդ առիթը. մեղմ քամի, հաճելի երաժշտություն, հրաշալի տեսարաններ։ Գուանչժոուի երկնաքերերը, որոնք ցերեկը կարող են սառը թվալ, երեկոյան արթնանում են, պատվում գույներով, կարծես պարում են ու սեթևեթում։
Ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունեցող Գուանչժոուն Չինաստանի 24 պատմական քաղաքներից է և պատրաստ է իր հյուրընկալ դռները բացել յուրաքանչյուրի առաջ։ Գուանչժոուում մարդիկ պատրաստակամ են պատասխանելու յուրաքանչյուր հարցի՝ հաշվի չառնելով անգամ լեզվական խոչընդոտները։
Խիտ ու փարթամ ծառերով հարուստ այգիներում կարող ես մաքուր օդ շնչել, հանդիպել տարբեր տարիքի վազորդների և փաստել՝ Գուանչժոուում մարդիկ առողջ են ու երջանիկ ու իրենց աշխատասիրության շնորհիվ նպաստում են քաղաքի, երկրի զարգացմանը։