Հայաստան

Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները

6 րոպեի ընթերցում

Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները

Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը:

«Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: Երկրի կլիմայի գործող մոդելը, որը կարևոր առաջընթաց է ապահովել, խնդիրների է բախվել: Կլիմայի փոփոխությունները, հեղեղումները, էներգետիկ անվտանգության խնդիրները, ինչպես նաև օդի աղտոտվածությունը, ջրի սակավությունը խնդիրներ են առաջացնում շրջակա միջավայրի, տնտեսության վրա»,-ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:

Նա հավելեց՝ Հայաստանը նաև հարուստ հնարավորություններ ունի՝ այս մարտահրավերները դիմագրավելու համար: 

«Փորձագիտական աջակցությամբ Հայաստանին օգնում ենք, որ հնարավորություն ունենա իրագործել իր կլիմայական նպատակները: Զեկույցը հստակ ճանապարհային քարտեզ է սահմանում գործողությունների համար, հնարավորություններ՝ էներգետիկայի ոլորտում»,-ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ինես Ռոչան՝ կարևորելով երկրում ցածր ածխածնային զարգացումը:

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը նկատեց՝ կլիմայի փոփոխությունը դիտվում է ամբողջ աշխարհում, Հայաստանն անմասն չէ դրանից:

«Դեռ ավելին՝ Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից, քանի որ երկրում կլիմայի փոփոխությունն առաջանցիկ տեմպերով է իր բացասական ազդեցությունն ունենում: Առաջիկա 100 տարվա համար կանխատեսումները նույնպես բացասական են: Հետևաբար մենք չենք կարող չգործել և փոփոխությունների չենթարկել թե մեր մտածելակերպը, թե մեր տնտեսությունը, թե ողջ կառավարումը»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց՝ ՀՀ-ն հանձն է առել մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները: Հայաստանը մաս է կազմում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայնագրին, որոնցով ստանձնել է պարտավորություններ: «Մենք հանձն ենք առել մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտաներտումները 40 տոկոսով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ»,-ավելացրեց Մեյմարյանը:

Նա նշեց Հայաստանի ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարության մասին: Փոխնախարարն այս համատեքստում կարևորեց տնտեսության ճիշտ զարգացումը, որ ջերմոցային գազերի արտանետումները չբարձրանան:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում խորությամբ ներկայացվում են կլիմայական ռիսկերը, ներդրումային կարիքները:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, զեկույցի համահեղինակ Ջուլի Ռոզենբերգը ներկայացրեց զեկույցը. «Հայաստանն արդեն բազմաթիվ մարտահրավերների է բախվում, որոնք սերտորեն առնչվում են կլիմայի փոփոխության հետ: Առաջինը ծայրահեղ եղանակային իրադարձություններն են, երկիրը ջրհեղեղների, սողանքների, երաշտների հետևանքով վնասներ է կրել: Սա բացասական ազդեցություն է ունենում հատկապես երկրի ամենախոցելի համայնքների վրա: Կլիմայի փոփոխության դեպքում այս ռիսկերն էլ ավելի են սրվելու»: 

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում օդի աղտոտվածության ու էներգետիկ կախվածության խնդրին:

«Բնական գազը բավականին մեծ մասնաբաժին է կազմում էներգետիկայի ոլորտում, 60 տոկոսից ավելի է: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Սա, իհարկե, նշանակում է, որ ածխածնային գազի արտանետումներն ավելի ցածր են, քան այլ երկրներում, որոնք ածուխ են օգտագործում: Բայց բարձրանում է օդի աղտոտվածությունը, որն ազդում է մարդկանց առողջության վրա»,-ասաց զեկույցի համահեղինակը:

Ըստ զեկույցի՝ Հայատանը կարող է բարեփոխումներ իրականացնել, որոնք կօգնեն այդ մարտահրավերների դիմագրավմանն ու արտադրողականության բարձրացմանը: Ըստ զեկույցը կազմողների՝ Հայաստանը պետք է զարգացնի վերականգնվող էներգետիկան, հատկապես արևային էներգետիկան, ջրային և գյուղատնտեսական ոլորտներում պետք է ներդրումներ կատարի: Զեկույցը կարևորում է հանրային տրանսպորտի մեջ ներդրումների իրականացումը, հեծանվով երթևեկելու համար ենթկառուցվածքներ ստեղծելը, արդյունաբերության ոլորտում ջեռուցման համակարգերն ավելի մրցունակ դարձնելը: 

Այսպիսով՝ զեկույցում ընդգծվում է երկու հիմնական առաջնահերթ ուղղություն, որոնք կարող են Հայաստանին երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա դնել: Առաջինը՝ ապաածխայնացումը՝ արտանետումների նվազեցման և էներգետիկ ապահովության բարձրացման համար: Զեկույցը կարևորում է էականորեն ավելացնել ներդրումների մասշտաբը՝ վերականգնվող էներգետիկայի արտադրության լրացուցիչ հզորությունների ստեղծման համար:

Երկրորդ՝ զեկույցը կարևորում է գյուղատնտեսության արտադրողականության, պարենային և ջրային ապահովության խթանումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ բարելավելու ջրի օգտագործման արդյունավետությունը, պահեստավորումը և ջրային ռեսուրսների կառավարումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում