Վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. կլինեն որոշ բացառություններ
2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսվում է վերաքննիչ բողոքների քննությունը դարձնել գրավոր ընթացակարգով՝ սահմանելով որոշ բացառություններ՝ բանավոր քննություն իրականացնելու հնարավորությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 12-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարն ընդգծեց, որ սա նորություն չէ․ այժմ քրեական դատավարությունում որոշ վարույթներ իրականացվում են գրավոր ձևով, սակայն առաջարկվող փոփոխությամբ այս մեխանիզմը կսահմանվի որպես ընդհանուր կանոն նաև վերաքննիչ վարույթում։
«Նախագծով ամրագրվում է կանխավարկած, ըստ որի վերաքննիչ բողոքները, որպես կանոն, կքննվեն գրավոր ընթացակարգով։ Դատարանը միայն որոշ բացառիկ դեպքերում կարող է կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշել անցում կատարել բանավոր քննության»,-ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ բացառություն կլինի այն դեպքում, երբ դատարանը կգա եզրակացության, որ անհրաժեշտ է բանավոր քննություն կամ պետք է բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ դրանք հետազոտելու միջնորդություն։ Սակայն նման որոշումները պարտադիր պիտի լինեն հիմնավորված՝ հիմնվելով արդար դատաքննության իրավունքի ապահովման վրա։ Բացի ընթացակարգային փոփոխությունից, նախագծով սահմանվում է նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետ՝ հիմնական ժամկետը՝ մինչև 6 ամիս, երկարաձգման հնարավորություն՝ միայն մեկ անգամ և առավելագույնը 4 ամսով։
«Այս սահմանափակումները միտված են դատական ծանրաբեռնվածության նվազեցմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը»,-նշեց արդարադատության նախարարը։
Նա նաև զուգահեռ անցկացրեց քաղաքացիական դատավարության հետ՝ հիշեցնելով, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոքները ևս քննվում են գրավոր ընթացակարգով և վեցամսյա ժամկետի սահմանման փորձն արդեն դրական արդյունք է տվել։
«Սա բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, որը միտված է արագ և արդյունավետ դատաքննության ապահովմանը», – եզրափակեց Սրբուհի Գալյանը։