Բարձր տեխնոլոգիաներ

Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը. ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնություն

3 րոպեի ընթերցում

Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը. ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։

Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․

Աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով


Աշխարհատարածական և տիեզերահեն տեղեկատվության օգտագործումը կօգնի պետությանն ավելի լավ ընկալել աղետների ռիսկերն ու ազդեցությունները, մշակել դրանց կառավարման համապատասխան քաղաքականություններ

Կապահովվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական կառույցների միջև համագործակցությունը:

Հայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:

Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։

Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը կնպաստի տիեզերահեն տեղեկատվության ստացման, մշակման, կիրառման և դրանց հետագա զարգացման տեխնոլոգիական անկախության ապահովմանը՝ զարգացնելով տեղային կարողությունները։

Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին, երկրորդը՝ 2023 թվականի դեկտեմբերին: Այդ հանգամանքը նպաստում է տիեզերքի ոլորտում Հայաստանի գործունեության զարգացմանը՝ նաև աղետների ռիսկի կառավարման առումով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում