ՀՀ ՆԳ նախարարությունը հակահրդեհային կանոնների պահպանման իրազեկման ծավալուն միջոցառումներ է իրականացնում
1 րոպեի ընթերցում

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների բռնկումը և հնարավոր աղետալի հետևանքները։ Շրջիկ իրազեկումը՝ թռուցիկների, անօդաչու թռչող սարքերի և բարձրախոսների օգնությամբ նպատակ են հետապնդում բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը։
Ըստ աղբյուրի՝ իրազեկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հանգստի գոտիներին և զբոսաշրջային վայրերին, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է։
ՆԳ նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն և խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին, ինչպես նաև հիշեցնում, որ անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ: