Չինաստանի Ուհան քաղաքում գործում է մոտ 400-ամյա փորձով ավանդական չինական բժշկության եզակի համալիր

5 րոպեի ընթերցում

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող «Hanyang Ye Kaitai» ավանդական չինական բժշկության մշակութային պարկը մի եզակի համալիր է, որը  համատեղում է մշակութային ցուցահանդեսի, կրթական աշխատանքի, հայտնի բժիշկների կողմից ընդունելության և մշակութային հանգստի գործառույթները։

«Արմենպրես»-ի թղթակիցը Հուբեյ նահանգի տեսարժան ու հայտնի վայրերում արտասահմանյան լրագրողների շրջայցի ծրագրով այցելել և ծանոթացել է չինական ավանդական բժշկության հարուստ ավանդույթները ներկայացնող այս համալիրին:

Այն ստեղծվել է լեգենդար «Ye Kaitai» դեղատան հիման վրա, որն ունի ավելի քան 380 տարվա պատմություն: Նույնիսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից առաջ այս հաստատությունը հռչակ էր ձեռք բերել որպես «Ցին դինաստիայի վաղ շրջանի երեք մարգարիտներից» և «Չինաստանի չորս մեծ դեղատներից» մեկը՝ դառնալով չինական դեղագիտության դարավոր ավանդույթների խորհրդանիշ։

Այցելուներն այստեղ կարող են ծանոթանալ բժշկական հին մեթոդներին, այն ժառանգությանը, որը շարունակում է ծառայել մարդկանց առողջությանը նորագույն ժամանակներում։

Ինչպես ներկայացնում են ընկերության ներկայացուցիչները՝ չինական բժշկության արդյունավետության համար կարևոր են ոչ միայն բժշկի գիտելիքները, այլև դեղամիջոցի հումքի որակը և մշակման եղանակները: 

Նշում են, որ հաճախ մարդիկ չեն զգում դեղամիջոցի ընդունման ազդեցությունը ոչ թե այն պատճառով, որ բաղադրատոմսը սխալ է, այլ այն պատճառով, որ օգտագործվել են անորակ բաղադրիչներ:

 «Ye Kaitai» - ն ձգտում է կատարելության յուրաքանչյուր մանրուքի պարագայում ՝ ընտրությունից մինչև վերամշակում: Եզակի է «ինը անգամ վերամշակում» ապրանքանիշով շարքը: Առավել հայտնի է ինը անգամ մշակված սև քունջութի գնդակը, որն ամրացնում է լյարդը և երիկամները, բարելավում է տեսողությունը և նպաստում մազերի աճին: Ընդ որում, դրա համը շատ նման է հայկական փոխինձին:

Հիմնադրման օրվանից «Ye Kaitai»-ն հետևում է դեղերի պատրաստման հնագույն մեթոդներին ՝ պահպանելով եզակի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են «ինը գաղտնի քսուքների» բաղադրատոմսերը: Այս մեթոդներից շատերը ներառված են ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Բացի բացառիկ տեխնոլոգիաներից, դեղագործ վարպետների յուրաքանչյուր սերունդ թողել է բազմաթիվ հնագույն բաղադրատոմսեր և կլինիկական մեթոդներ, որոնք տարիների փորձի արդյունք են և լայն ճանաչում են ստացել:

Առանձին սրահում ներկայացված են ցուցադրություններ, որոնք ցույց են տալիս ընկերության յուրահատուկ պատրաստուկների բաղադրությունն ու հատկությունները ՝ գնդաձև հաբեր, «ինը գաղտնի քսուք» և քառապատիկ թորած բուժիչ գինի:

Առկա է բուժիչ գինու տեսակ, որն օրինակ, նպաստում է հիվանդություններից վերականգնմանը և թուլացած օրգանիզմի ամրապնդմանը, միաժամանակ ունի երիտասարդացնող ազդեցություն։ Բուժիչ գինին առանձնահատուկ տեղ է գրավում ավանդական չինական բժշկության ութ հիմնական մեթոդների շարքում ՝ յուրահատուկ ուղղություն ներկայացնելով գինու դարավոր մշակույթում:

Նույնքան արժեքավոր է համարվում ժենշենի և կիտրոնախոտի գինին, որը խորհուրդ է տրվում սրտի արագ աշխատանքի, շնչառության պակասի և քրոնիկ հոգնածության դեպքում: 

Չնայած բոլոր օգուտներին, այս ըմպելիքները պետք է օգտագործվեն չափավոր՝ օրական ոչ ավելի, քան 100 միլիլիտր: 

Այսօր տեղի կլինիկայում այցելուներին ընդունում են ավանդական չինական բժշկության ավելի քան քառասուն փորձառու բժիշկներ, որոնց մասին տվյալները կարելի է գտնել համալիրի համապատասխան սրահի պատին:

Չինաստանի առևտրի նախարարությունը ««Ye Kaitai»-ին շնորհել է «Ազգային պատմական ապրանքանիշի» կարգավիճակ, ինչպես նաև նրա տեխնոլոգիաները ներառել ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում՝ նահանգային ու քաղաքային մակարդակներում: 

Հայերեն