Մարզեր

Գյումրիում գործարկվեց զբոսաշրջային տեղեկատվության նոր հարթակ

4 րոպեի ընթերցում

Գյումրիում գործարկվեց զբոսաշրջային տեղեկատվության նոր հարթակ

Գյումրիում ազդարարվեց զբոսաշրջային նոր տեղեկատվական հարթակի գործարկման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, VisitGyumri.info հարթակը զբոսաշրջիկների, տեղաբնակների և ներդրողների համար հասանելի է դարձնում Գյումրու վերաբերյալ բաց և գործնական տեղեկատվությունը։ Հարթակը ներկայացնում է Գյումրին ամբողջական տեսանկյունից՝ սկսած զբոսանքի վայրերից և հանգստի ու կեցության հնարավորություններից մինչև հիմնական տեսարժան վայրերը, ճանապարհային քարտեզներ, անհրաժեշտ կոնտակտային տվյալներ ու սպասվող իրադարձություններ։

VisitGyumri.info հարթակը ստեղծվել է «Բաց տվյալների նախագիծ Գյումրիում այցելուների ճշգրիտ տեղեկատվության համար» ծրագրի շրջանակում՝ որպես «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախագծի ենթանախագիծ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, իսկ հարթակի ստեղծումը իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների միջոցով։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև «Civita» հետազոտական կազմակերպության կողմից իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները։ Հետազոտությունն անդրադարձել է Գյումրու համայնքի զբոսաշրջային քաղաքականության մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին։ Ուսումնասիրությունը տրամադրվելու է Գյումրու համայնքապետարանին և ոլորտի պատասխանատու կառույցներին՝ նպաստելու համար ոլորտի ավելի ճկուն ու համակարգված զարգացմանը։

««Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում իրականացված ենթադրամաշնորհային նախաձեռնությունները զգալի ազդեցություն են թողել Գյումրու մշակութային կյանքի աշխուժացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման վրա։ Ծրագրի շրջանակում «Պորտֆոլիո» թիմը մշակել է ենթածրագրեր, որոնք առնչվում են Գյումրու տուրիզմի հեռանկարների բացահայտմանն ու զարգացմանը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է ծրագրի փորձագետ Էմմա Բաղդասարյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում Գյումրիում բացվում են նաև նոր տեղեկատվական կետեր՝ միավորելով մշակույթը, համայնքը և զբոսաշրջությունը։ Այս ինֆոկետերը կտեղադրվեն քաղաքի երեք կարևոր վայրերում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, «Լեո» կերամիկայի արվեստանոցում և Բարեկամության զբոսայգում։ Դրանք ծառայելու են որպես համագործակցության հարթակ մասնավոր, համայնքային և մշակութային կառույցների միջև՝ նպաստելով քաղաքի զբոսաշրջային ներուժի առավել ընդգծմանն ու զարգացմանը։ Ինֆոկետերը հագեցած են լինելու նոր քարտեզներով, տեղեկատվական թերթիկներով և QR կոդերով, որոնք հասանելիություն կտրամադրեն ամբողջական տեղեկատվությանը՝ Գյումրու տեսարժան վայրերից մինչև միջոցառումներ և ժամանցի հնարավորություններ։

«Նպատակը մեկն է՝ Գյումրին դարձնել ավելի բաց, հասանելի ու գրավիչ զբոսաշրջիկների համար՝ միաժամանակ ուժեղացնելով տեղական մշակութային կյանքն ու բիզնես միջավայրը»,- ավելացրեց ծրագրի փորձագետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում