Ռուսաստան

ՌԴ-ն գիշերը հարված է հասցրել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն գիշերը հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 24-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 14 բալիստիկ հրթիռ և գործարկել շուրջ 250 հարվածային անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարությունը։

Հրթիռներից վեցը՝ «Իսկանդեր-Մ/KN-23 տիպի, խոցվել են Կիևի երկնքում։ Ընդհանուր առմամբ՝ վնասազերծվել է 245 ԱԹՍ, որոնցից 128-ը՝ կրակային միջոցներով, իսկ 117-ը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերի միջոցով։

Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հրթիռներն արձակվել են Տագանրոգի, Յեյսկի, Բրյանսկի և Ղրիմի տարածքներից։ Հարվածների հիմնական ուղղությունը եղել է Կիևը, սակայն թիրախավորվել են նաև Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Զապորոժիեի, Խարկովի, Դոնեցկի մարզերը։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ուժերն օգտագործել են նաև շուրջ 250 Shahed տիպի հարվածային ԱԹՍ, ինչպես նաև այլ տիպերի անօդաչուներ, որոնք գործարկվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից՝ Բրյանսկ, Կուրսկ, Օրյոլ, Միլերովո, Շատալովո, Պրիմորսկո-Ախթարսկ և Ղրիմ։

Օդային հարձակումը հետ են մղել Ուկրաինայի ավիացիոն ուժերը, զենիթահրթիռային ստորաբաժանումները, ՌԷՊ և անօդաչու համակարգերի ստորաբաժանումները, ինչպես նաև պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերը։

Նախնական վնասներ են արձանագրվել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Զապորոժիեի, Խարկովի և Դոնեցկի մարզերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում