Փաշինյանն ու Ալիևը հանդիպման ընթացքում կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
«Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին: