Հայրենական մեծ պատերազմում Գեղամավան գյուղն ունեցել է 329 մասնակից, որից՝ 164 զոհված ու անհետ կորած
9 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղը Հայրենական մեծ պատերազմում տվել է 329 մասնակից, որոնցից 164-ը չեն վերադարձել մահաբեր ռազմադաշտից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արգիշտի Վարդանյանը, համաձայն իր կողմից կատարված ուսումնասիրության, գեղամավանցիները մարտնչել են խորհրդա-գերմանական բոլոր ռազմաճակատներում՝ Մերձբալթիկայում, Բելառուսում, Մոսկվայի մատույցներում, Լենինգրադում, Ղրիմում, Ստալինգրադում, Հյուսիսային Կովկասում, Կուրսկի ճակատամարտում՝ հասնելով մինչև Բուդապեշտ և Պրագա, Վարշավա և Բեռլին՝ արժանանալով բարձրագույն պարգևների:
Խորհրդային պետության բարձրագույն պարգևի՝ «Լենինի շքանշանի» արժանացել է Լևոն Հայրապետի Գրիգորյանը: Վերջինս մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին: Վերադառնալով՝ նորից զորակոչվել է բանակ ու մասնակցել Հայրենական մեծ պատերազմին և ծառայել է 12-րդ բանակի 11-րդ զրահագնացի 2-րդ դիվիզոնի մարտկոցում և մարտական գործողությունների արդյունքում շրջափակումից դուրս է բերել զրահագնացքը՝ գործի գցելով հրանոթը՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով թշնամուն: Հաշվի առնելով Լևոն Գրիգորյանի սխրանքը՝ Հարավային ռազմաճակատի հրամանատարությունը նրան ներկայացրել է «Լենինի շքանշանի»: Լևոն Գրիգորյանը զոհվել է 1943 թ. հունիսի 13-ին, Կրասնոդարի երկրամասի Միսխակո բարձունքը գրոհելիս:
Պատերազմի առաջին իսկ օրերից ռազմական գործողությունների կիզակետում էր գտնվում Մեխակ Ապերի Ոսկանյանը, ով զորակոչվել էր 1940 թ. հունիսին: Վերջինս Թամանյան 255-րդ ծովային հրաձգային բրիգադի կազմում մարտնչել է Ղրիմում, Տուապսեում, Մալայա զեմլյայում, ապա՝ Նովոռոսիյսկում: Ավագ սերժանտ Մեխակ Ոսկանյանը 1942-1943 թվականներին երեք անգամ ծանր վիրավորում է ստացել, սակայն շարունակել է մարտական ուղին: Կերչի նեղուցի գրավման ժամանակ, լինելով հետախուզական դասակի հրամանատար, Մ. Ոսկանյանը կարողանում է թափանցել թշնամու խրամատը, ոչնչացնում է հակատանկային գնդացիրը, հինգ գերմանական զինվորի և երկուսին գերեվարելով՝ հասցնում շտաբ: Այս խիզախ գործողության համար Պրիմորսկի բանակի հրամանատար գեներալ Ի. Պետրովի միջնորդությամբ դասակի հրամանատար Մեխակ Ոսկանյանն արժանանում է բարձրագույն՝ «Կարմիր աստղ» շքանշանի: Վերջինս, մինչ այդ դեսանտի կազմում մասնակցել էր նաև Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրմանը, որի համար 1985թվականին, պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով», և նրա մարտական նկարը զետեղված է ՍՍՀՄ մարշալ Ա. Գրեչկոյի հանրահայտ «Ճակատամարտ Կովկասի համար» գրքում: Մ. Ոսկանյանը պարգևատրվել է նաև «Կովկասի պաշտպանության համար» մեդալով և 1944 թ. Ղրիմի ազատագրության ժամանակ չորրորդ անգամ ծանր վիրավորում է ստանում և զորացրվում, իսկ 2006թ. ՀՀ ՊՆ-ի կողմից արժանացել է «Մարշալ Բաղրամյան» մեդալի:
Գեղամավանցի Արևշատ Սահակի Մաթևոսյանը մասնակցել է համաշխարհային հռչակ ստացած Ստալինգրադի ճակատամարտին, 62-րդ բանակի 138-րդ հրաձգային դիվիզիայի կազմում: Դիվիզիայի ստորաբաժանումները 1942 թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 23-ը Ստալինգրադի տրակտորի գործարանի մոտ հայտնվել էին գերմանական շրջափակման մեջ՝ հերոսաբար պաշտպանելով քաղաքի վերջին հողակտորը, ինչը հնարավորություն տվեց Կարմիր բանակին՝ ձեռնարկելու «Ուրան» ծածկանունով հակահարձակումը, որի արդյունքում շրջափակման մեջ հայտնվեց գեներալ-ֆելդմարշալ Ֆ. Պաուլյուսի 330-հազարանոց Բ բանակախմբի 6-րդ բանակը: Ստալինգրադի ճակատամարտի վերջին՝ ավարտական փուլում, երբ գերմանական բանակի կապիտուլացիան օրերի խնդիր էր, Արևշատ Մաթևոսյանն արկի բեկորից ծանր վիրավորում է ստանում՝ իր մահկանացուն կնքելով 1943թ. փետրվարին, քաղաքի դաշտային հոսպիտալներից մեկում: Նրա անունը խորհրդային մյուս հերոսների անվան հետ գրված է Ստալինգրադի «Մամաև Կուրգանի փառքի սրահում»:
Վորոշիլովգրադ (այժմ՝ Լուգանսկ) քաղաքի ազատագրմանը մասնակցել է գվարդիայի սերժանտ Աշոտ Ավագյանը, որը պարգևատրվել է «Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով», որը շարքային կազմի ամենաբարձր պարգևատրումներից մեկն էր, և մեր հանրապետությունում երեք աստիճանի «Փառքի շքանշանի» արժանացել են 28 հոգի:
Շարքային Պարգև Կարապետի Մանուկյանը ծառայել է Հարավային ռազմաճակատի 28-րդ բանակի կազմում և 1943թ. փետրվարին մասնակցել Դոնի Ռոստովի ազատագրմանը: Տրոիցկոյե գյուղի մոտ նրա գլխավորված խումբը ընկավ շրջապատման մեջ՝ պաշտպանելով գյուղը: Մարտնչելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ՝ Պարգև Մանուկյանը զոհվում է: Այդտեղ էլ ամփոփված է նրա աճյունը:
Լենինգրադի՝ 872 օր տևող պաշտպանությանը նույն ռազմաճակատում մասնակցել է Սանասար Ռուշանի Համբարձումյանը: Երկար ամիսներ սովի ճիրաններում հայտնված քաղաքի պաշտպանները հերոսաբար հետ մղեցին Լենինգրադի արվարձաններ հասած գերմանական «Հյուսիս» բանակախմբի գրոհները՝ վերջիվերջո թույլ չտալով նրանց ներխուժել քաղաք: Սանասար Համբարձումյանը «Լենինգրանդի պատվավոր քաղաքացի» է և պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով:
Մի խումբ գեղամավանցիներ, ունենալով կրտսեր հրամանատարական կոչումներ, տարբեր ռազմաճակատներում մասնակցել են մարտական գործողություններին: Ավագ լետենանտ Բենիամին Ռուստամի Խաչատրյանը և նրա կրտսեր եղբայր, լետենանտ Սանդրո Խաչատրյանը, ավագ լետենանտ Արտեմ Արշակի Մկրտչյանը, կրտսեր լետենանտ Վարազդատ Վահանի Ասատրյանն իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի պաշտպանության գործին:
Գեղամավանցիները, ծառայելով հայկական դիվիզիաների կազմում, մասնակցել են խորհրդային բանակի թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակողական գործողություններին: 1942թ. օգոստոսի 4-ին ռազմաճակատ են մեկնել 89-րդ հայկական դիվիզիայի զորամասերը՝ պաշտպանական դիրքեր գրավելով Գրոզնու մատույցներում: Դիվիզիայի «Սևաստապոլյան» պատվանունը կրող 390-րդ գնդում են ծառայել գեղամավանցիներ Ալեքսո Հակոբյանը, Գաբրիել և Ռաֆայել Սաղաթելյանները: Դիվիզիայի ուժերը 1943 թ. հոկտեմբերի 3-ին մտել են Թաման քաղաքը և արժանացել «Թամանյան» պատվանվանը: Հետագա ամիսներին Թամանյան դիվիզիան շարունակել է իր մարտական ուղին, 1945թ. փետրվարին անցել Օդեր գետը՝ մասնակցելով Բեռլինի՝ ապրիլի 16-ին սկսված վճռական գրոհին: Փողոցային մարտեր մղելով քաղաքում և գրավելով 7 թաղամաս՝ դիվիզիայի մարտիկները պատերազմի ավարտը դիմավորել են Գերմանիայի մայրաքաղաքում: Գեղամավանցիները պարգևատրվել են «Բեռլինի գրավման համար» մեդալներով:
Ուկրանիական ՍՍՀ սահմանամերձ Լվով քաղաքում, Կիևյան ռազմական օկրուգի 26-րդ բանակի հեծելազորային էսկադրոնի կազմում է ծառայել 1939թ. բանակ զորակոչված Աղասի Հովակիմի Վարդանյանը: Հունիսի 22-ի առավոտյան ինչպես խորհրդային մյուս սահմանամերձ քաղաքները, այնպես էլ Լվովը, «Հարավ» բանակախմբի ավիացիայի կողմից ենթարկվել է ավերիչ ռմբակոծության: 26-րդ բանակն ակտիվորեն հակահարձակման դիմելով հունիսի վերջին և հուլիսի սկզբին, այնուամենայնիվ, ստիպված են եղել նահանջել և դիրքեր գրավել Կիևից հարավ-արևմուտք ընկած շրջանում: 1942թ. ձմռանը Աղասի Վարդանյանը ծանր վիրավորվում է և միջինասիական հոսպիտալներում երկար բուժումից հետո զորացրվում:
Տարբեր ռազմաճակատներում մարտական գործողություններին մասնակցել են Ավետիք Ալավերդյանը, Ավետիք Բադալյանը, Աղվան Եսայանը, Բախշի Գևորգյանը, Դադիկո Ներսիսյանը, Լևոն Խաչատրյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Պարույր Գրիգորյանը և հարյուրավոր այլ համագյուղացիներ:
Գեղամավանցիների ջանքերով 1973թ. մայիսի 9-ին գյուղի բարձունքում հանդիսավորությամբ բացվել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: