Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

2 րոպեի ընթերցում

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայից ժամանած մի խումբ երիտասարդ դիվանագետների, ովքեր աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով  գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ողջունելով դեսպանին, Կարեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, արդյունքներն ու ձեռքբերումները և առաջիկա անելիքները առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության  և զբոսաշրջության ոլորտներում։

Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով Գեղարքունիքի և Իզերի մարզի միջև ծավալված տասնամյակների համագործակցությունը, հույս է հայտնել, որ կողմերի ակտիվ ջանքերի, նոր գաղափարների ու ծրագրերի շնորհիվ ավելի կընդլայնվեն համագործակցության ոլորտները, կխորանան բարեկամական կապերը, կակտիվանան փոխադարձ շփումները։ Միաժամանակ դեսպանը մարզպետ Կարեն Սարգսյանին հրավիրել է՝ մասնակցելու 2025 թվականի հունիսի 1-ից 3-ին Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին։ «Այն ակտիվ համագործակցությունը, որ դուք ծավալել եք Իզերի դեպարտամենտի հետ, հիանալի օրինակ կլինի նաեւ Հայաստանի ու Ֆրանսիայի մյուս տարածաշրջանների համար, համաժողովի մասնակիցները կհամոզվեն, թե իրականում, ձեր իսկ ձեռքբերումների օրինակով, ինչ տեսանելի արդյունքներ կարող են գրանցել հայկական ու ֆրանսիական համայնքները կամ տարածաշրջանները բարեկամական կապերի հաստատման, տնտեսական-մշակութային փոխհամագործակցության հաստատման դեպքերում»,-նշել է  Օլիվիե Դըկոտինյին։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  նաև տնտեսական ու մշակութային համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում