Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձի գործով նախաքննությունը շարունակվում է
2 րոպեի ընթերցում

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և դրանց ժամանակ մի խումբ անձանց կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը դեռ շարունակվում է։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Գերատեսչությունից նշեցին, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արա Բադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ խմբով բռնություն գործադրելու փորձ): Նույն վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև Թորգոմ Ասատրյանին՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 24-305-րդ հոդվածով։
«Արա Բադոյանի և Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ մասերը անջատվել են և առանձին հանձնվել դատարան: Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը շարունակվում է, իսկ Արա Բադոյանի դատաքննությունը ավարտվել է, և կայացվել է վերդիկտ, և վերջինս 2025 թվականի մայիսի 14-ին դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Զանգվածային անկարգությունների և ԱԺ նախագահի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով նախաքննությունը շարունակվում է»,- ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։