«Երևանյան բեսթսելեր». «Զոհի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. ապրիլ, 2025

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա: 

Մայք Օմերի «Զոհի աչքերով»-ն առաջին տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Ջեյն Օսթինի «Համոզմունքը» երկրորդ տեղում է։ Էն Էլիոթը` սնափառ ու դատարկամիտ բարոնետ սըր Ուոլտերի միջնեկ դուստրը, ութ տարի առաջ հրաժարվել է ամուսնանալ Ֆրեդերիկ Ուենթուորտի հետ, չնայած սերը փոխադարձ է եղել: Փեսացուի ծագումն ու նյութական հնարավորությունները ընտանիքի գլխավորին նրա օգտին չեն տրամադրել, աղջկա մորը փոխարինած հարևանուհին՝ լեդի Ռասելն էլ կարողացել է իր հորդորներով Էնին համոզել, որ նրա հետ ամուսնանալու խոստումը հետ վերցնի: Ութ տարի անց նրանց ճանապարհները դարձյալ մեկտեղվում են: Աղջիկը քսանյոթ տարեկան է՝ սեփական ընտանիքում անտեսված, երիտասարդական առաջին թարմությունը կորցրած: Երիտասարդը ոչ միայն ռազմածովային նավատորմի նավապետ է, այլև արդեն հարուստ ու հաջողակ մարդ: Միայն թե տարիները նրանց երկուսի սրտում էլ վառ են պահել սերը, իսկ վարքագծում՝ հավատարմությունը: Վեպի դիպաշարն էլ հենց այն մասին է, թե ինչպես են զարգանում այդ երկուսի հարաբերությունները, և ինչ ելք է ունենում նրանց երկարատև սիրո պատմությունը:

Միեկո Կավակամիի «Կրծքեր և ձվեր» գիրքը երրորդ տեղում է։ Միեկո Կավակամիի «Կրծքեր և ձվեր» վեպը ճապոնական ժամանակակից գրականության ուշագրավ ստեղծագործություններից է, որը խորապես ուսումնասիրում է կնոջ մարմնի, ինքնության և սեռականության հետ առնչվող հարցեր: Գլխավոր հերոսուհու և նրա քրոջ Մակիկոյի ու նրա դստեր՝ Միդորիկոյի օրագրի միջոցով հեղինակը քննարկում է հասարակության մեջ կանանց նկատմամբ վերաբերմունքի, սպասելիքների, գեղեցկության պարտադրվող չափանիշների, ինչպես նաև դեռահասության խնդիրների, գենդերային ինքնության, մայրության, ընտանեկան արժեքների ու անձնական ազատությանն առնչվող թեմաները:

Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր…» գիրքը չորրորդ տեղում է։ Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» հինգերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Վեցերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:

Յոթերորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը ութերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Ֆորուղ Ֆարրոխզադի «Մի այլ ծնունդ» գիրքը իններորդ տեղում է։ Ժողովածուն ամփոփում է Ֆորուղ Ֆարրոխզադի «Մի այլ ծնունդ» և հետմահու տպագրված «Հավատք ընծայենք սառը եղանակների սկզբին» գրքերի բանաստեղծությունները:

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի «Լավքրաֆթյան սարսափներ» գիրքը տասներորդ տեղում է։ Այս ժողովածուում առանձնացված են հեղինակի երկու սարսափազդու ստեղծագործությունները. «Արարածը շեմքին» պատմվածքը բացահայտում է ինքնության, մոլեգնության և հնագույն մոգության չարաբաստիկ մի պատմություն, մինչդեռ «Դանվիչի սարսափը» պատմվածքում բացահայտվում է տիեզերական մասշտաբների սարսափը, որը թաքնված է գյուղական բլուրներում՝ սպառնալով քանդել աշխարհների միջև պատնեշը:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
10Մայք Օմեր, «Զոհի աչքերով»Դավինչի80
2նորՋեյն Օսթին, «Համոզմունքը»Անտարես66
3նորՄիեկո Կավակամի, «Կրծքեր և ձվեր»  Գրանիշ40
4*Մարկ Լևի, «Իսկ եթե դա ճիշտ էր․․․»  Անտարես 40
5-2Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի»Դավինչի39
6*Ջոջո Մոյես, «Ես մինչ քեզ»Զանգակ37
7*Գամիդ Ամիրով, «Արցունքներ դրախտում»Բուկինիստ35
8*Խալիլ Ջիբրան, «Մարգարեն»Քյուրքչյան34
9նորՖորուղ Ֆարրոխզադ, «Մի այլ ծնունդ»  Անտարես31
10նորՀովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ, «Լավքրաֆթյան սարսափներ» Դավինչի24
Հայերեն Русский

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը