Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի  և Ռումինիայի  դեսպաններին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա տոնի միջոցառման շրջանակներում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին, Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ  Էրիկ Դե Մույնքին, Կորնել Իոնեսկուին և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկիին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել է հյուրերին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, աշխատանքային ձեռքբերումներ ու անձնական հաջողություններ, իսկ Եվրոպական Միությանը՝ խաղաղ ու ստեղծագործ զարգացման կայուն ու մշտական ճանապարհ։   

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվորպայի օրվա շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում բեմադրվող «Սա Եվրոպան է» ներկայացման բովանդակությունը և հույս հայտնել, որ այն կարժանանա հայ հանդիսատեսի գնահատականին։ Դեսպանն անդրադարձել է նաև հայ ու եվրոպական ժողովուրդների  մշակութային դարավոր կապերին ու բարեկամությանը, ինչպես նաև՝ Եվրոպական Միության ու Հայաստանի Հանրապետության տնտեսական ու քաղաքական համագործակցությանը, նույն շրջանակներում Գեղարքունիքի մարզում ԵՄ աջակցությամբ  իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ 

Կազմակերպված ընդունելության համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները ներկայացրել են  իրենց երկրներում հայկական համայնքի կենսագործունեության շրջանակները, հայ-ռումինական ու հայ-բելգիական բարեկամական կապերը և հայտնել  իրենց պատրաստակամությունը՝ Գեղարքունիքի մարզի հետ տնտեսական ու կրթամշակութային համագործակցություն ծավալելու նպատակով, որը կարող է լինել ինչպես քաղաքների, այնպես էլ համայնքների կամ մարզերի մակարդակով։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել  հյուրերին՝  ԵՄ դիտորդական առաքելության իրականացման ու մարզում իրականացվող սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացման համար, միաժամանակ հավաստելով, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստակամ  ու բաց է՝ ԵՄ անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը խորացնելու եւ զարգացնելու համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում