Իրավունք

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

2 րոպեի ընթերցում

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

Իրավապահ համակարգն այս տարի կենտրոնացել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներմուծման, տեղական լաբորատորիաների և արտադրության վայրերի բացահայտման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության շրջանակում Աննա Վարդապետյանը ներկայացրեց իրավապահ համակարգի մոտեցումների փոփոխությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Նրա խոսքով՝ նախորդ տարի վերհանվել է խնդիր, ըստ որի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում են թմրամիջոցների փոքր քանակների շրջանառության դեպքերը, մինչդեռ խոշոր մատակարարման շղթան մնում է ստվերում։

«Կարծես փոքր չափերի թմրամիջոցների հետևից է իրավապահ համակարգը գնում և խոշոր թմրամիջոցների ներկրման մասը բաց է մնում»,-նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ 2024 թվականին համագործակցելով քրեական ոստիկանության և ԱԱԾ-ի հետ, իրականացվել է մեծածավալ աշխատանք՝ թմրամիջոցների մաքսանենգության և արտադրության կետերի հայտնաբերման ուղղությամբ։

«Ահռելի քանակի աշխատանք է իրականացվել խոշոր խմբաքանակների ներկրումը, տեղական խոշոր լաբորատորիաները և արտադրության վայրերը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ գործողությունները շարունակվելու են նաև տարվա մնացած հատվածում։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի հնարավոր կլինի ամփոփել տվյալները և վերլուծել՝ որքանով է խոշոր թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը նպաստել հանցավորության նվազմանը ինչպես անչափահասների, այնպես էլ չափահասների շրջանում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում