Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 2-րդ կեսից մեկնարկել և ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի թիվ 26 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 103 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Վաղաշենի թիվ 26 փողոցի հիմնանորոգում՝ 1,6 կիլոմետր երկարությամբ, 8640 քառակուսի մետր մակերեսով, ասֆալտբետոնյա շերտի և ջրահեռացման ու ոռոգման առուների տեղադրմամբ։
2025 թվականի մայիսի 6-ի դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 70 տոկոսը․ արդեն տեղադրված է խճային հիմքը, ջրահեռացման և ոռոգման համակարգը։ Ասֆալտբետոնյա շերտը կտեղադրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։
26-րդ փողոցը Վաղաշեն գյուղը կապում է Մարտունի-Վարդենիս մայրուղուն։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։