Մարզեր

Վարդենիսի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում

5 րոպեի ընթերցում

Վարդենիսի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում

Վարդենիսի համայնքապետարանում տեղի է ունեցել  աշխատանքային հանդիպում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը  նվիրված էր ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում համայնքի հանձնառությունների և Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի  մշակման համար անհրաժեշտ գործողությունների քննարկմանը, ինչպես նաև՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի կողմից Դաշնագրին անդամակցող համայնքներին տրամադրվող տեխնիկական աջակցության ներկայացմանը:

Վարդենիսի համայնքապետարանից հանդիպմանը մասնակցել են  համայնքի ղեկավար  Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ռուզան Զաքարյանը:

Համայնքապետարան այցելած պատվիրակության կազմում են եղել  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ներկայացուցիչ Աղասի Մնացյանը, ծրագրի մարզային խորհրդատու Սոնա Գրիգորյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը:

Հանդիպման սկզբում Աշոտ Գիլոյանը հիշեցրել է հանդիպման մասնակիցներին, որ Վարդենիսը անդամակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը դեռևս 2020 թվականից, սակայն  մի շարք օբյեկտիվ պատճառներով ելակետային տվյալների հավաքագրման և համայնքի գործողությունների ծրագրի մշակման գործընթացը չի մեկնարկել, ինչը հանգեցրել է Դաշնագրում համայնքի անդամակցության կասեցմանը: Այսուհանդերձ, վերջին տարիներին ՏԻՄ-ի նախաձեռնությամբ համայնքում իրականացվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված մի շարք ծրագրեր, ինչը հաստատում է համայնքապետարանի մտադրությունը՝ առկա տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների սահմաններում ապահովելու համայնքի «կանաչ զարգացումը»:

Այդ համատեքստում Աշոտ Գիլոյանը նպատակահարմար համարեց գործընկեր ծրագրերի աջակցությամբ համայնքի կողմից «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» մշակումը և Դաշնագրում Վարդենիս համայնքի անդամակցության վերականգնումը, ինչը կարող է հնարավորություններ ստեղծել եվրոպական կազմակերպություններից և դոնորներից նպատակային տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Հստակեցվեց, որ ՏԻՄ-ի համաձայնության դեպքում ծրագրի կողմից ներգրավվող տեխնիկական խորհրդատուն կաջակցի համայնքապետարանի համապատասխան մասնագետներին՝ էներգասպառման և կլիմայական վտանգների մասին ելակետային տվյալների հավաքագրման, մեղմման և հարմարվողականության միջոցառումների վերհանման և գործողությունների ծրագրի մշակման և ներկայացման գործում:

Ներկայացնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի նպատակները, Արտեմ Խարազյանը նույնպես հաստատել է ծրագրի պատրաստակամությունը՝ ԳՄՀԸ-ի հետ համատեղ օգնել համայնքին նախաձեռնության շրջանակներում հանձնառությունները կատարելու գործում: Նշվել է  նաև, որ անդամակցության վերականգնման դեպքում ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանի մասնագետները հնարավորություն կստանան ամրապնդել իրենց կարողությունները, մասնակցել իրազեկության զարգացման և փորձի փոխանակման միջոցառումներին և ճանաչողական այցելություններին, ստանալ թիրախային տեխնիկական աջակցություն, կազմակերպել կայուն էներգիայի օրեր:

Համաձայնելով Քաղաքապետերի դաշնագրում համայնքի անդամակցությունը վերականգնելու առաջարկին՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵ նախարարության և «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի»   ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար և հաստատեց ՏԻՄ-ի մասնակցությունը նախաձեռնությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում