Քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Կալամատայի քաղաքապետին բիզնես պատվիրակության հետ հրավիրել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը Կալամատայի քաղաքապետին բիզնես պատվիրակության հետ հրավիրել է Հայաստան

Հունաստանի Կալամատա քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանն առաջարկել է զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի հետ ոչ միայն միջքաղաքային կամ միջմարզային շփումների մակարդակում, այլև՝ համատեղել տնտեսական գրավչություն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ։

Որպես օրինակ քննարկվել են մասնավորապես երկու ուղղություններով` դեպի Հայաստան և Հայաստանից հարավային Հունաստան զբոսաշրջության և Կալամատայում առավել զարգացած գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման և փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Տիգրան Մկրտչյանը հրավիրել է Աթանասիոս Վասիլոպուլոսին իրեն հարմար ժամանակահատվածում Կալամատայի բիզնես պատվիրակության հետ այցելել Հայաստան և տեղում քննարկել շոշափելի համագործակցության ծրագրեր։

Կալամատայի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին այցելության համար և պատասխանել է, որ հետաքրքրված է նման այցելություն կազմակերպելու գաղափարով։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հունաստանի հայ համայնքի հետ ունի սերտ հարաբերություններ, այդ թվում և Կալամատայում բնակություն հաստատած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում