8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» առաջին տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։
Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն երկրորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» երրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:
Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» չորրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․
Արմեն Գրիգորյանի «Օպերայի բակում» գիրքը հինգերորդն է։ Արմեն Գրիգորյանի «Օպերայի բակում» գիրքն անչափ ժամանակակից և շատ երևանյան պատմություն է դպրոցականներ Նարեկի ու Մարիի մասին, որոնք հայտնվում են հրաշքներով լի այլընտրանքային աշխարհում: Շատերի կողմից սիրված «Արիջա» հեքիաթի հեղինակի նոր ստեղծագործությունը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար, որոնք սիրում են իրենց քաղաքը, համակարգչային խաղերը ու բնավ դեմ չեն լինի, եթե այդ ամենին գումարվի նաև կախարդանքը:
Վեցերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» յոթերորդ տեղում է։ Այս գրավիչ հեքիաթը պատմում է Տիգրան Մեծ թագավորի պատկերով հնագույն մետաղադրամի մասին, որն անսպասելի ճանապարհորդության է մեկնում Մեծ Հայքով մեկ։ Հեղինակը գունեղ և կենդանի կերպով նկարագրում է դրամի թափառումները` ընթերցողին տեղափոխելով դեպի հեռավոր ժամանակներ ու վայրեր։
Հեքիաթը ոչ միայն ծանոթացնում է ընթերցողին Տիգրան Մեծի ու հզոր Մեծ Հայքի պատմությանը, այլև ցույց է անցյալի ու ներկայի կապը, ինչպես նաև հայկական ինքնության և պատմության ժառանգը լինելու կարևորությունը։ Միաժամանակ, այն խորհրդածելու առիթ է տալիս ճակատագրի, մարդկանց ու իրերի մինչև եղած անտեսանելի կապի մասին։ Հեքիաթի վերջում դրամը վերադառնում է Հայաստան։ Այս ավարտը խորհրդանշում է տունդարձի գաղափարը։ Նաև հաստատում է այն ճշմարտությունը, որ հզոր Մեծ Հայքի և հաղթական Տիգրան Մեծի Տունը Հայաստանն է։
Ռոալդ Դալի «Չարլին և ապակե մեծ վերելակը» ութերորդն է։ Ապակե մեծ վերելակի ներսում Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն իր ամբողջ ընտանիքով, շոկոլադի գործարանից հազար ոտնաչափ բարձր, իրենց քեֆին լող են տալիս: Աշխարհն ասես ոտքերի տակ փռված լինի: Այնինչ, տիեզերքում մենակ չեն. ամերիկյան առաջին Տիեզերահյուրանոցն արդեն տիեզերք է ժամանել: Իսկ դրա մեջ վխտում են որդնթագցի ճլեպները՝ տիեզերքի ամենաբիրտ, ամենավայրագ, ամենադժնդակ ճիվաղները: Հարա՜յ- հուրու՜յ, բռնվեք՝ ով ինչից կարող է: Միայն Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն են ի զորու արյունարբու ճլեպների ավերածությունը կանգնեցնել:
Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» իններորդ տեղում է։ Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է:
Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» տասներորդ տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք… Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով… Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ո՞ւր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | 0 | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» | Դավինչի | 122 | |
2 | +5 | Գրիմ Եղբայրներ, «Հեքիաթներ» | Բուկինիստ | 111 | |
3 | 0 | Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» | Բուկինիստ | 93 | |
4 | -2 | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» | Դավինչի | 79 | |
5 | +4 | Արմեն Գրիգորյան, «Օպերայի բակում» | Դավինչի | 77 | |
6 | +4 | Կառլո Կոլլոդի, «Պինոկիո» | Բուկինիստ | 76 | |
7 | * | Արփի Մաղաքյան, «Տիգրան Մեծի հեքիաթը» | հեղ հրատ | 66 | |
8 | նոր | Ռոալդ Դալ, «Չարլին և ապակե մեծ վերելակը» | Անտարես | 62 | |
9 | * | Դեյվիդ Լիչֆիլդ, «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» | Զանգակ | 58 | |
10 | -5 | Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» | Դավինչի | 55 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: