Հայաստան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Քրեական ենթամշակույթը մեր հանրության որոշ շրջանակներում երբեմն դիտվում է որպես տղաներին ուժեղացնող գործոն, սակայն իրականում այն բոլոր առումներով թուլացնում է մարդուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին կայացած Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հանրության շրջանում ընկալում կա, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում և կորցնում մրցունակությունը թե՛ աշխատանքի շուկայում, թե՛ տարբեր հասարակական հարաբերությունների շրջանակում։

Վարչապետի խոսքով՝ այդ ընկալումը նաև ազդում է կրթական միջավայրի վրա։ Փաշինյանը նկատեց, որ կրթության ոլորտում աղջիկների ակտիվությունը երբեմն հակադրվում է տղաների անբնական պասիվության հետ, որը, ըստ նրա, բխում է հենց քրեական ենթամշակույթի ազդեցությունից։

«Երբ ասում են՝ տղա է, թող մի քիչ էլ «դեն» լինի։ Իրենց թվում է՝ այդպես տղաները ուժեղանում են։ Բայց այդպես տղաները զրկվում են կամքից, խելքից, մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից», – ասաց նա։

Վարչապետը նաև ընդգծեց՝ այս համատեքստում անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն, որը կնպաստի տղաների ներգրավմանը գիտելիքի և կրթության ոլորտներում։

«Մենք պետք է քաղաքականություն մշակենք՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնենք կրթությանը, գիտելիքին, զարգացումին։ Սա ֆունդամենտալ խնդիր է»,- ընդգծեց Հայաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում