Քաղաքականություն

Հարավային Կովկասը՝ տարբեր քաղաքակրթությունների շփման գոտի. Երևանում մեկնարկել է տարածաշրջանի զարգացումներին նվիրված միջազգային համաժողով

10 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասը՝ տարբեր քաղաքակրթությունների շփման գոտի. Երևանում մեկնարկել է տարածաշրջանի զարգացումներին նվիրված միջազգային համաժողով

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Թրփանճեան» հասարակական գիտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասը խզման գծերի երկայնքով. տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը, որի հիմնական նպատակն է գնահատել տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից՝ փորձելով որոշակիորեն կանխատեսել նաև սպասվող տարածաշրջանային զարգացումները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցում էին «Թրփանճեան» հասարակական գիտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը, Արտակարգ և լիազոր դեսպան, Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և այլք։ 

Ապրիլի 18-19-ն անցկացվող երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են նաև 22 ճանաչված գիտնականներ, վերլուծաբաններ և նախկին դիվանագետներ՝ տարբեր երկրներից։  

Համաժողովի բացմանը պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ համաժողովը կարող է ժամանակավրեպ չլինել, քանի որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական աշխարհակարգերը ճգնաժամի մեջ են գտնվում, ինչը չափազանց արտասովոր է, և դա ակնհայտ հետևանքներ ունի Հարավային Կովկասի համար։ 

«Թեև ուկրաինական հակամարտության արդյունքը դեռևս պարզ չէ, լարվածությունը տարածաշրջանում և նրա շուրջ ավելի քան պարզ է: Հետխորհրդային միաբևեռ իրավիճակին այժմ մարտահրավեր է նետված: Որոշ միջին հզորությունների ախորժակն աճել է, որոշ փոքր ուժեր վերածվել են ազատ էլեկտրոնների, և նրանց ծերացող քաղաքականությունն առաջացնում է անկանխատեսելիություն: Հարավային Կովկասը, որը պատմականորեն շփման գոտի է տարբեր կայսերական քաղաքակրթությունների, պարսկական, սլավոնական, թյուրքական, կրոնների և դավանանքների, առաքելական քրիստոնեության, ուղղափառ քրիստոնեության, շիա իսլամի, սուննի իսլամի և էթնոլեզվաբանական խմբերի միջև, մի տարածք է, որտեղ այժմ տեսանելի են ինչպես բախումներն, այնպես էլ լարվածությունը»,-նշեց պրոֆեսորը: 

Աստուրյանի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասը պատմականորեն եղել է ռազմավարական խաչմերուկ, որը կապում է Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Հնդկաստանը, Արևմտյան Ասիան և նրան հարող ծովերը: Նրա խոսքով՝ այսօր Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի տարբեր տրանսպորտային և առևտրային նախագծերի համար, որոնք ծագում են հենց Կենտրոնական Ասիայում, Չինաստանում և Հնդկաստանում: 

«Համաժողովի նպատակն է գնահատել այս տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից»,-ասաց Աստուրյանը՝ մանրամասնելով, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարացման վտանգված հեռանկարները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում նկատմամբ ռուսական ազդեցության  հարաբերական թուլացումը, Թուրքիայի աճող դերակատարումը, պրագմատիկ համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի միջև, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները և այլն։ 

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ներկայացրեց իր ընդհանուր գնահատականը աշխարհում և Հարավային Կովկասում տիրող իրադրության վերաբերյալ։

«Իմ ելույթի ժամանակը կհատկացնեմ երկու հարցերի, որոնք վերաբերում են ընդհանուր համաշխարհային միջավայրին, գլոբալ միջավայրին, որի մեջ հայտնվում են այնպիսի փոքր երկրներ, ինչպիսին է, օրինակ, Հայաստանը։ Հարցերի երկրորդ խումբը, որոնց վրա կփորձեմ կենտրոնանալ վերաբերում են Հարավային Կովկասի կոնկրետ տարածաշրջանին և այն իրողություններին, որոնց առերեսվում է Հայաստանը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում ու պարտավոր է շարունակել այնքան ժամանակ, որքան Հայաստանի Հանրապետությունը կա և շնչում է»,-ասաց Մնացականյանը։ 

Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Զոհրաբ Մնացականյանը կարծիք հայտնեց, որ Երևանի համար շատ կարևոր է հարաբերությունների կարգավորումը և ամրապնդումն իր հարևանների հետ։ Զոհրաբյանը կարևորեց ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա խնդիրների կարգավորումն, այնպես էլ համագործակցության խորացումն ու գործընկերության ընդլայնումը Վրաստանի ու Իրանի հետ։ 

Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը խոսեց ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների շուրջ իր մտորումների մասին՝ փորձելով որոշ կանխատեսումներ անել Հարավային Կովկասում և համաշխարհային քաղաքականության մեջ հետագա հնարավոր իրադարձությունների վերաբերյալ։

Բանախոսը նկատեց, որ 1990-ական թվականներին և դրանից հետո գոյություն ունեցող աշխարհակարգը տեսանելիորեն ենթարկվել է փոփոխությունների և ճգնաժամ է ապրում․ «Թվում է, թե այդ ճգնաժամը դեռ չի հասել իր հանգուցալուծմանը, այն շարունակվում է։ Ես ուսումնասիրել եմ համաշխարհային պատմության մեջ տեղ գտած տարբեր գլոբալ անցումային շրջանները, սակայն, կարծում եմ՝ պատմության ընթացքում չի եղել այնպիսի անցումային շրջան, ինչպիսին հիմա է։ Սովորաբար, այդ անցումային շրջանները տևում են 10-15 տարի, իսկ մեր ժամանակաշրջանի անցումային փուլն արդեն տևում է շուրջ 35 տարի»։ 

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության վերաբերյալ՝ Մուստաֆա Այդընը նկատեց, որ որոշ միջազգային խնդիրներ, որոնցից են, օրինակ, Սիրիայի և Իրաքի ապագան, չափազանց մեծ ծանրաբեռնվածություն են հաղորդել Թուրքիային։ 

«Զբաղվելով այսքան շատ հարցերով՝ Թուրքիան այնքան էլ էներգիա չունի հետագա ներգրավվածություն ստեղծելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Կովկասը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմը (խմբ․ նկատի ունի 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմը), Ադրբեջանի և Հայաստանի միջև ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը մեծ տարածաշրջանային փոփոխություն է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունները կարևոր են, և ես շատ լուրջ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ երկու երկրներն առանց երրորդ կողմերի միջամտության կարողացան հասնել խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը, բայց դրա ստորագրումը ևս մեկ մարտահրավեր կլինի, իսկ դա առանձին թեմա է»,-ասաց Այդընը: 

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երեք երկրների շուրջ իրադրությունը բավականին տարբերվող է․ «Վրաստանը հեռու է Եվրամիությունից և ավելի մոտ է Ռուսաստանին, իսկ մենք չգիտենք, թե դա կոնկրետ ուր է տանելու, բայց դա շատ պարզ է, մենք տեսել ենք: Հայաստանը մի փոքր հեռացել է ռուսական ուղեծրից, միգուցե, փորձում է մոտենալ Եվրոպային։ Ադրբեջանը համագործակցությունը  խորացնում է Իսրայելի հետ»,-ասաց նա: 

Թուրք բանախոսը նկատեց, որ Հարավային Կովկասի երեք երկրների անկախացումից հետո առաջին անգամ Իսրայելը կարևոր դերակատար է դարձել նաև Հարավային Կովկասում: 

«Այսպիսով, ի՞նչ է նշանակում այս ամենն այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության համար․ նախ, արտաքին խաղացողներն ավելի ներգրավված կլինեն, կարծում եմ, Ռուսաստանը և Թուրքիան առաջին հերթին: Կարծում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան տեսանելի ապագայում կլինեն ներգրավված առաջին արտաքին խաղացողները: Կառանձնացնեի նաև Չինաստանին»,-ասաց նա։ 

Այդընը հավելեց, որ չի սպասում, թե ԱՄՆ-ն շուտով կներգրավվի Հարավային Կովկասում՝ շեշտելով, որ Վաշինգտոնն այժմ զբաղված է Ուկրաինայի խնդրով: 

«Նույնը կարելի է ասել Եվրոպայի մասով, որը ոչ թե չկամության, այլ անկարողության պատճառով չի կարողանա ներգրավվել: Եվրոպան զբաղված է իր խնդիրներով։ Եվ ես այստեղ կնշեի նաև Թուրքիային, որը տեսանելի ապագայում զբաղված կլինի Սիրիայի, Իրաքի զարգացումներով։ Այս հարցերը կխլեն թուրքական էներգիայի մեծ մասը: Արդյունքը կլինի այն, որ իրավիճակն այստեղ կմնա բավականին կայուն, այնպես որ լավ նորություն, ես մոտ ապագայում մեծ պատերազմ և հակամարտություն չեմ սպասում»,-շեշտեց թուրք պրոֆեսորը՝ տեսակետ արտահայտելով, որ Ռուսաստանն, օրինակ, ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Կովկաս, որտեղ նրա հետ հիմնականում կմրցակցի Թուրքիան, որը Կովկասում մեծացրել է իր դերակատարությունը՝ հատկապես 2020 թվականից հետո։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում