Նորահայտ ցլակերպ վիշապաքար` Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հնավայրում
4 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի բնակիչ, հնասեր, «Աժդահակ Տուր» տուրիստական ընկերության ղեկավար Թաթուլ Տոնոյանը հնագիտական կարևոր բացահայտում է արել` Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հնավայրի տարածքում նկատելով ցլակերպ վիշապաքար` թեք վիճակում կանգնած։
Նրա իսկ ուղեկցությամբ էլ ուսումնասիրելու գնացի թե՛ նորահայտ հուշարձանը, թե՛ հնավայրն ու տեղանքը։
Հնավայրը տարածվում է ընդարձակ սարահարթի վրա, Երևան-Սևան-Վարդենիս մայրուղու հարևանությամբ գտնվող Արծվաթռիչ մատուռից 1,5-2 կիլոմետր հեռավորությամբ, հարավարևմտյան թևում։
Հնավայրն ընդգրկում է ավելի քան տաս հեկտար տարածք, որտեղ նկատելի են ինչպես Մեգալիրյան դարաշրջանի բնակատեղիի, պատերի ու պարիսպների, այնպես էլ` հնագույն դամբարանների հետքեր։
Այս տարածքի մասին Երվանդ Լալայանը գրել է․ «Արծվաքարի վարելահողերը մեծ մասամբ տարածվում են նրա արևելյան կողմում, ուր ձգվում է Մանիչար հովիտը՝ տարածվելով մինչև լճափը։ Սա մի ընդարձակ հովիտ է, որ ձգվում է մինչև Դալիղարդաշ /Սարուխան/ գյուղը․ շատ էլ պարարտ է։ Այստեղ կատարված պեղումները վկայում են, որ ամենահին ժամանակներում էլ այս հովիտը բռնված է եղել մարդկանց բնակությամբ։ Տեղական մի ավանդություն ասում է, թե այս հովիտն իր անունն ստացել է Մելիք Մանուչարից, որն այն աստիճան հարուստ է եղել, որ կարողացել է շահի զորքերին մի քանի օր կերակրել։ Նրա գերեզմանը ցույց են տալիս այս հովտում, մի բլրակի վրա, որի մոտ ես պեղումներ եմ կատարել։ Սա մի ահագին քար է, 3 մետր երկարությամբ, 1,5 մետր լայնությամբ և 70 սանտիմետր հաստությամբ։ Քարը շրջված էր և գերեզմանը փորված՝ գանձ գտնելու նպատակով։ Մշակներս ինձ ասում էին, թե քարի առաջին երեսում գրված է, թե «Ես արտերս ձեթով ջրեցի ու կնոջս արծաթե պայտով քոշ հագցրի, դարձյալ աշխարհի համը չտեսա, դուք ինչ պիտի տեսնեք»։ Ես շրջել տվի քարը, սակայն ոչ մի տառ չնկատեցի վրան»։
Կարծում ենք, որ Երվանդ Լալայանի հիշատակած գերեզմանաքարը չի կարելի շփոթել կամ նույնացնել այս քարի հետ, քանի որ, նախ, այն չի գտնվում հնագետի մատնանշած բլրի վրա, և ապա՝ Լալայանի նման հնագետի աչքը չէր կարող վրիպել նման կարևոր կոթողից, ինչպիսին վիշապաքարն է։
Վիշապաքարը, ինչպես տարածքին մոտիկ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող բնակիչները ներկայացրել են Թաթուլ Տոնոյանին, գտնվել և կանգնեցվել է անցած դարի ութսունական թվականների վերջերին, մելիորացիոն աշխատանքների ժամանակ։
Տեղացիները դրան տվել են Ցից քար կամ Ջրի քար անունը, սակայն չեն պատկերացրել , թե իրականում այն ինչ կարևոր նշանակության պատմական հուշարձան է։
Այդ է, թերևս, պատճառը, որ այս վիշապաքարը երբևէ չի հաշվառվել, չի ընդգրկվել հուշարձանների պահպանության պետական ցուցակներում, չի արժանացել հնագետների ուսումնասիրությանն ու գնահատանքին։
Վիշապաքարն ունի մոտ 2, 80 մետր բարձրություն, շուրջ 1, 5-2 մետր տրամագիծ։ Այն նման է Հայաստանի տարածքում գտնված բազմաթիվ ցլակերպ վիշապաքարերին, որոնց յուրահատուկ է ցուլի դեմքը և մարդկային ձեռքերը։ Հղկված քարի վրա հստակորեն երևում է ձեռակերտ աշխատանքը։
Վիշապաքարից մոտ հարյուր մետր հեռավորությամբ, դեպի հյուսիս-արևելք, արծվաքարցիների հուշումով, դաշտի մեջ գտանք մի խաչքար, որի վրա քանդակված խաչը հազիվ էր նշմարվում մաշվածության ու մամռակալման առկայության հետևանքով։
Պարզապես ապշեցուցիչ է հնավայրի դիրքը այնքանով, որքանով որ այս սարավանդից , ինչպես ափիդ մեջ, երևում է Գեղամա ողջ լեռնաշխարհը, այն է` Սևանա լճի ողջ հայելին, Սևանը գոտևորող բոլոր լեռնաշղթաներն ու լեռնագագաթները։
Վիշապաքարի լուսանկարը տեղից անմիջապես ուղարկեցինք հնագետ Լևոն Մկրտչյանին ու ստացանք հետևյալ արձագանքը․ «Շնորհավորում եմ մեծ ու կարևոր բացահայտման համար»։
Սպասենք հնագետների և պատկան մարմինների հետագա արձագանքներին։