Ինովացիա

«Seaside Startup Summit»-ը մեծ ներուժ ունի վերածվելու գլոբալ նորարար բրենդի, որը Հայաստանը կարող է արտահանել. ԲՏԱ նախարար

9 րոպեի ընթերցում

«Seaside Startup Summit»-ը մեծ ներուժ ունի վերածվելու գլոբալ նորարար բրենդի, որը Հայաստանը կարող է արտահանել. ԲՏԱ նախարար

«Seaside Startup Summit»-ը մեծ ներուժ ունի վերածվելու գլոբալ  նորարար բրենդի, որը Հայաստանը կարող է արտահանել տարբեր երկրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Seaside Startup Summit 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը` նշելով, որ  2025 թվականի  հուլիսի 20-26-ը նախատեսվող միջոցառմանը պետությունն այս տարի զգալի ներդրում կունենա:

«Տարիներ շարունակ իրականացվում է այս կարևորագույն միջոցառումը, որը գալիս է Հայաստանում կենտրոնացնելու աշխարհի տարբեր երկրներից ստարտափերների և ներդրողների: «Seaside Startup Summit»-ն այս  տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 50 հազար այցելու՝ աշխարհի շուրջ 60 երկրից՝ այդ  մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանը վերածելով տեխնոլոգիական գլոբալ կենտրոնի: Այստեղ չափազանց կարևոր է արձանագրել, որ ՀՀ կառավարությունը  նորարարությունը խթանելու և էկոհամակարգը կայացնելու իր քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևորում է «Seaside Startup Summit»-ը, հույս ունեմ, որ այն երկարաժամկետ ձևաչափ է կրելու առաջիկա տարիների համար ևս»,-նշեց Հայրապետյանը:

ԲՏԱ նախարարի խոսքով՝ կառավարության կողմից հատկապես կարևորվում է ստարտափերի կայացումը, որպես առավել ճկուն, դինամիկ, արագ աճ  և իր մեջ մեծ ներուժ ունեցող բիզնես:

«Սրանով է պայմանավորված, որ հատկապես վերջին տարիներին կառավարությունը՝ ԲՏԱ նախարարության առաջնորդությամբ, իրականացնում է ոչ թե առանձին ստարտափների խրախուսման, այլ ընդհանուր ստարտափ էկոհամակարգի կայացման և զարգացման քաղաքականություն՝ ստեղծելով աքսելերատորներ, ինկուբատորներ, ապագայում ներդրումներ վենչուրային տարբեր հարթակներում, ինչպես նաև «Seaside Startup Summit» -ի նման կարևորագույն և բացառիկ միջոցառումների մեջ համապատասխան ներդրումներ անելով»,-ասաց նա:

Հայրապետյանն ընդգծեց՝ «Seaside Startup Summit»-ը նաև կարևորվում է նրանով, որ ունի մեծ ներուժ վերածվելու գլոբալ բրենդի:

«Այս պահին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում՝ ընդլայնելու  միջոցառումը տարբեր ուղղություններով: Սա ևս կարևոր գործոն է, որ մենք բնականաբար գնահատում ենք, այսինքն՝ ունենալ ևս մեկ նորարար բրենդ, որը Հայաստանը կարող է արտահանել տարբեր երկրներ»,- կարևորեց ՀՀ ԲՏԱ նախարարը:

Մխիթար Հայրապետյանը հավելեց նաև, որ վերջերս կառավարությունը որոշում է կայացրել 200 միլիոն դրամ հատկացնել «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ համատեղելու ջանքերը «Seaside Startup Summit 2025»-ը Հայաստանում անցկացնելու համար:

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանն էլ, խոսելով նման նախագծերի կարևորության մասին, նշեց՝ ինովացիաներին աջակցելը, ստարտափ էկոհամակարգերի կայացումը կարող է մեծապես նպաստել և բազա հանդիսանալ  Հայաստանի զարգացման համար: 

«Հենց դրա համար է, որ արդեն մոտ տասը տարի մեր ջանքերն ուղղված են այդ բազայի ստեղծմանը: «Seaside Startup Summit» -ը մեկն է այն նախագծերից, որը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը այդ համատեքստում իրականացնում է: Այժմ մենք կարող ենք վստահաբար նշել, որ «Seaside Startup Summit»-ը որպես կոնցեպտ կայացել ու դարձել է հայկական ստարտափ էկոհամակարգի կարևոր ֆենոմեն, բացի դրանից նաև հասցրել է աշխարհի մի շարք երկրներում ևս իր հաստատուն տեղն ունենալ»,-ասաց  Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ իհարկե «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը  միայնակ չի կարող այդ ծավալի աշխատանքն իրականացնել և ԲՏԱ նախարարությունը այն կարևոր գործընկերն է, որ պետք է առաջնորդի գործընթացը:

Անդրադառնալով «Seaside Startup Summit 2025» -ին, հիմնադրամի համահիմնադիրը նշեց՝ այն  լինելու է բացառիկ. «2024 թվականին «Seaside Startup Summit»-ը փորձարկեցինք որպես հարթակ՝ նոր նախագծեր ձևավորելու համար, որի արդյունքում անցած տարի այդ հարթակում ձևավորվեցին երեք նոր նախագծեր: 

Բայց այս տարի ունենալով աջակցություն՝ «Seaside Startup Summit 2025»-ի ընթացքում կներկայացվեն 8 նոր նախագծեր՝  այն դարձնելով բացառիկ ու աննախադեպ՝ մինչև հիմա եղած բոլոր սամմիթներից: Լինելու են նաև ամենամյա մրցույթները, որոնք տարեցտարի ավելանում են, իսկ մրցանակները լինելու են մոտավորապես 100 հազար դոլարի շրջանակում»:

Հակոբ Հակոբյանը հավելեց՝«Seaside Startup Summit 2025»-ին նախատեսում են, որ վրանային ավանում կմնա շուրջ 2000 մարդ, ակնկալվում է, որ կլինի  մոտավորապես 15 հազար հյուր: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում  շրջանառվել էր  տեղեկատվություն՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հետ մեկ անձից գնման եղանակով պայմանագիր կնքելու վերաբերյալ, ինչի առիթով ՀՀ ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են.

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը՝ կապված «Seaside Startup Summit 2025» միջոցառման կազմակերպման նպատակով «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հետ մեկ անձից գնման եղանակով պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ ցանկանում ենք ներկայացնել հետևյալ պարզաբանումը։

Միջոցառման շրջանակում ծառայությունների ձեռքբերման գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 04.05.2017 թ. թիվ 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 4-րդ պարբերության պահանջները, ինչը պայմանավորված է հեղինակային և բացառիկ իրավունքի առկայությամբ:

«Seaside Startup Summit» միջոցառման հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին: Այս կազմակերպությունն է միջոցառման գաղափարի, բովանդակային կառուցվածքի և կազմակերպչական ողջ մոդելի հեղինակն ու իրականացնողը ծրագրի մեկնարկից ի վեր: Այս հանգամանքը հստակ սահմանված է նաև իրավական փաստաթղթերով և ապահովում է կազմակերպության բացառիկությունն այս նախաձեռնության կազմակերպման գործընթացում։

Նկատի ունենալով միջոցառման ազդեցությունը, արդյունքները և միջազգային հետաքրքրվածությունը, ինչպես նաև միջոցառման շրջանակում ոլորտային մի շարք մեծ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է համարել աջակցել միջոցառման կազմակերպմանը:

Նախատեսվող աջակցությունը միտված է ոչ միայն արդեն ձևավորված միջազգային հարթակի կայունացմանը, այլև դրա ընդլայնմանը՝ բարձր տեխնոլոգիաների, ստարտափ մշակույթի և ներդրումային հնարավորությունների զարգացման համատեքստում»,-նշեցին նախարարությունից:

«Seaside Startup Summit»-ն առաջին ոչ ֆորմալ ստարտափ միջոցառումն է և առաջին ստարտափ վրանային ճամբարն աշխարհում։ Ստեղծվել է 2016 թվականին «Startup Armenia» հիմնադրամի կողմից։ Առաջին անգամ անցկացվել է Սևանի ափին և կրել «Seaside Startup Summit» անվանումը։ Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում ստարտափերներն ու ներդրողները ունենում են եզակի հնարավորություն ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, կիսելու փորձ և գաղափարներ, հաստատելու նոր համագործակցություններ և գտնելու գործընկերներ։ «Seaside Startup Summit»-ն ընդլայնել է իր շրջանակները, և կազմակերպել է միջազգային մասշտաբով ստարտափ համաժողով ԱՄԷ-ում (8-12 փետրվար, 2018) և Հնդկաստանում (6-11 մարտ, 2018)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում