Միացյալ Նահանգներ

Siemens-ի ղեկավարներից մեկն ընտանիքի հետ զոհվել է ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի պատճառով

2 րոպեի ընթերցում

Siemens-ի ղեկավարներից մեկն ընտանիքի հետ զոհվել է ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի պատճառով

Նյու Յորքում զբոսաշրջային ուղղաթիռն ապրիլի 10-ին վթարվել և ընկել է Հուդզոն գետը, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ՝ Siemens տեխնոլոգիական ընկերության ղեկավար պաշտոնյաներից մեկը, նրա կինը և երեք երեխաները, ինչպես նաև օդաչուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Չորս մարդ մահացել է տեղում, երկու երեխաների տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։

Իրավապահ մարմիններում աղբյուրները ABC News-ին հայտնել են, որ ուղղաթիռում գտնվում էին Ագուստին Էսկոբարը, որն Իսպանիայում և հարավ-արևմտյան Եվրոպայում Siemens-ի ստորաբաժանման ղեկավարն էր, նրա կինը, 4, 5 և 11 տարեկան երեխաները, ինչպես նաև 36-ամյա օդաչուն։ Էսկոբարն ընտանիքի հետ ԱՄՆ էր այցելել Իսպանիայից։ 

Ըստ CNN-ի վերլուծության և FlightRadar 24 կայքի՝ նախքան գետն ընկնելն ուղղաթիռն օդում է գտնվել մոտ 16 րոպե։ Այն օդ է բարձրացել Մանհեթենից, պտույտ է գործել Ազատության արձանի շուրջ, այնուհետև թռել Հուդզոն գետի վրայով դեպի Ջորջ Վաշինգտոնի կամուրջ՝ գտնվելով շուրջ 300 մ բարձրության վրա։ Այնուհետև այն ընկել է գետը Նյու Ջերսիի մերձակայքում։ 

Օդերևութաբանական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի անկման պահին տվյալ շրջանում ամպամած է եղել և քամոտ։

Միջադեպը հետաքննվում է Դաշնային ավիացիոն վարչության և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի կողմից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում