Աշխարհ

Զամբիայի խորհրդարանի քարտուղարը մահացել է Տաշքենդ կատարած այցի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Զամբիայի խորհրդարանի քարտուղարը մահացել է Տաշքենդ կատարած այցի ժամանակ

Զամբիայի Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարան) քարտուղար Ռոյ Նգուլուբեն մահացել է Ուզբեկստան կատարած պաշտոնական գործուղման ժամանակ, որտեղ նա մասնակցում էր Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) հոբելյանական 150-րդ վեհաժողովին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ 

«ՄԽՄ-ի նախագահ Թուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը խորապես վշտացած են Զամբիայի Ազգային ասամբլեայի քարտուղար Ռոյ Նգուլուբեի մահվան լուրից ՄԽՄ-ի 150-րդ վեհաժողովի աշխատանքի ժամանակ», - ասված է միջազգային կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միջխորհրդարանական միության հոբելյանական վեհաժողովը տեղի է ունենում ապրիլի 5-ից 9-ը Տաշքենդում։ Դրան մասնակցում են մոտ 2000 պատվիրակներ աշխարհի 180 երկրներից, 15 դիտորդ պետություններից, ինչպես նաև ավելի քան 25 միջազգային և միջխորհրդարանական կազմակերպություններից:

Միջխորհրդարանական միությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ծառայում է աշխարհի խորհրդարանների գործողությունների համակարգման համար։ Այն հիմնադրվել է 1889 թվականին, և նրա անդամներն են շուրջ 150 երկրների խորհրդարաններ ու մի շարք միջազգային կազմակերպություններ։ ՄԽՄ-ի կենտրոնակայանը 1921 թվականից գտնվում է Ժնևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում