ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված ներկրման 104% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը 60 երկրների նկատմամբ, որոնց նա համարում է «ամենավատ իրավախախտները», ուժի մեջ են մտել։ Այս երկրների թվում է նաև Չինաստանը, որի նկատմամբ ներկրման մաքսատուրքերը կազմում են 104%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Չինաստանի նկատմամբ հավելյալ մաքսատուրքերը սահմանվել են այն բանից հետո, երբ Պեկինը չի կատարել Թրամփի պահանջը՝ հրաժարվելու ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան տուրքերից:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նշել են, որ առաջնահերթություն չեն տալիս աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող տերության հետ բանակցություններին:

«Այս պահին մենք հրաման ենք ստացել առաջնահերթություն տալ մեր դաշնակիցներին և մեր առևտրային գործընկերներին, ինչպիսիք են Ճապոնիան, Կորեան և մյուսները», - Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը:

Իր հերթին առևտրային հարցերով Դոնալդ Թրամփի գլխավոր բանակցող Ջեյմիսոն Գրիրը Կոնգրեսին հայտնել է, որ իր գրասենյակը փորձում է արագ աշխատել, սակայն հստակ վերջնաժամկետ իր առջև դրված չէ։

«Նախագահը կրկին պարզ նշել է, որ մոտ ժամանակներում բացառություններ չի անելու», - Գրիրի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ելույթ ունենալով հանրապետական ​​օրենսդիրների առջև՝ Թրամփը նշել է, որ շուտով կհայտարարի դեղագործական ապրանքների ներմուծման «խոշոր» մաքսատուրքերի մասին։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ մաքսատուրքերը կդրդեն դեղորայքային ընկերություններին իրենց արտադրական գործունեությունը տեղափոխել ԱՄՆ:

Reuters-ը նշում է, որ ամերիկյան բաժնետոմսերը սակարկությունների ընթացքում չորս օր անընդմեջ անկում են գրանցել՝ նախորդ շաբաթ մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարությունից հետո։ S&P 500 ինդեքսի ցուցանիշը նվազել է՝ հասնելով 5000 կետի, ինչն առաջին նման դեպքն է գրեթե մեկ տարվա ընթացքում: S&P 500-ի ընկերությունները կորցրել են 5,8 տրիլիոն դոլար ֆոնդային շուկայում, ինչն ամենամեծ քառօրյա կորուստն է 1950-ական թվականներից ի վեր:

Ճապոնիայի Nikkei-ը և ասիական այլ շուկաները նույնպես անկում են գրանցել մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ֆոնին։ 

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար