Հայաստանի և Վիետնամի առողջապահության նախարարությունները պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Վիետնամի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թրան Վան Թուանն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների առողջապահական ոլորտների միջև համագործակցությունը` նշելով.
«Սա նոր հնարավորություն է քննարկելու այն մարտահրավերները, որոնք մեր երկրների առողջապահական համակարգերի համար արդիական են:
Շատ ենք կարևորում նաև փորձի փոխանակումը հատկապես առողջապահության ապահովագրության, բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման, օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտներում»:
Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի առողջապահության նախարարության հետ: Կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որտեղ կհատկանշվեն հեռանկարային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` առողջապահության թվային վերափոխումը, քաղցկեղի բուժման տեխնոլոգիայի խթանումը, բժշկական զբոսաշրջությունը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով` այս համագործակցությունը ոչ միայն արդյունավետ կլինի երկու երկրների համար, այլև կարող է օրինակելի մոդել ստեղծել նմանատիպ մարտահրավերների առջև հայտնված այլ երկրների համար: