Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում ապրիլի 9-ից տեղումնառատ օրեր են սպասվում

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ապրիլի 9-ից տեղումնառատ օրեր են սպասվում

Հանրապետությունում ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ սպասվում է տաք ու բավարար տեղումներով ապրիլ։ 

«Հիմնականում ապրիլին գերակշռելու են հարավային հատվածներից եկող հոսանքները, սակայն չի բացառվում, որ ամսվա վերջին օրերին կունենանք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժում։ Այստեղ մեկ պարզաբանում կուզենայի տալ, քանի որ ապրիլին սովորաբար տեղումների ցուցանիշները բավական բարձր են, իսկ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ուրեմն ակնկալվում է, որ ապրիլին կունենանք բավական տեղումներ»-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա Սուրենյանը նշեց, որ մինչև ապրիլի 8-ը լուրջ ցիկլոնների ներթափանցում չի կանխատեսվում, հանրապետությունը գտնվելու է թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը տեղումների տեսքով կարտահայտվի գիշերը և երեկոյան ժամերին։ 

«Ապրիլի 5-8-ն ընկած ժամանակահատվածում հատկապես երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի առանձին հատվածներում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Ապրիլի 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում։ Արդյունքում՝ երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Ըստ հիդրոօդերևութաբանի՝ առաջիկա 10 օրերին օդի ջերմասիճանի անկում չի կանխատեսվում։ Դա նշանակում է, որ օրեցօր ցրտահարության ռիսկը նվազում է նախալեռնային և հովտային գոտիներում։ «Այս պահի գնահատմամբ ցրտահարության դեպքեր, ամենայն հավանականությամբ, չեն կանխատեսվում»,-եզրափակեց Գագիկ Սուրենյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում