«Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15։00-ին» ներկայացումը ցուցադրվել է Դեսին-Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում
2 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացված «Մանուշյանական շաբաթ»-ից հետո Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում հանդիսատեսին է ներկայացվել «Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15։00-ին» պիեսը, որը պատմում է Միսաք Մանուշյանի և դիմադրության շարժման մարտիկների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատմությունը ներկայացվում է Միսաք Մանուշյանի, Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հացաքննությունների միջոցով, որոնք իրականացնում են ոստիկանները։
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այդ ներկայացմամբ բացվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Պիեսի հեղինակն է Շոշանա Բուխոբզանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթէ Խաչատրյանը։
Այնուհետև, «Տոբոգան» թատրոնում երեկոն բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Դեսին-Շարպիոյի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ և «Տոբոգան» թատրոնի նախագահ Դենի Ջորկայեֆֆը: Ներկա էին սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ Հելեն Դյուվիյե Դրոմենը, Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Օդրե Հենոկը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնում Լեհաստանի հյուպատոս Մարիուշ Բադակը, Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը և այլք։
Արտաշատի թատրոնում ներկայացման հայկական տարբերակը կրկին բեմում կլինի ապրիլի 11-ին և 25-ին: