Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսում ընդգրկված են Ֆրանսիայից բերված բացառիկ նյութեր՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ, որոնք պատմում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականների մասին։

Նյութերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում հյուրընկալված գաղթականներին, Հայաստանի պատմության թանգարանին է տրամադրել ֆրանսիական ARAM հետազոտության և հայկական հիշողության արխիվների միությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, բացվեց ապրիլի 25-ին։ 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ առաջին անգամ Մարսելից դուրս են բերվել ավելի քան հիսուն փաստավավերագրական նյութեր, որոնք համադրվել են թանգարանի պահոցների արժեքավոր ընտրանու հետ՝ հագուստներ, զարդեր և այլն, իսկ առանցքային նմուշը «Նանսենյան անձնագիր»-ն է, որն օրեր առաջ թանգարանին է նվիրել ARAM միությունը:

«Ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտել պատմական իրադարձության կարևոր շերտերը, հատկապես՝ ցեղասպանությունից փրկվածների պատմությունները: Կարծում ենք՝ այս համագործակցությունը նոր ձևաչափ է՝ զարգացնելու նման ցուցադրությունները՝ կապելով մայր թանգարանի և սփյուռքում գործող ժառանգության կենտրոնների հավաքածուները՝ այդպիսով առիթ ստեղծելով նորովի ընկալել մեր մշակութային ժառանգության, մեր ինքնության տարբեր կողմերը»,-ասաց Պողոսյանն ու աջակցության համար շնորհակալության հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը: 

Պողոսյանն ընդգծեց՝ ցուցադրությունը նաև շնորհակալության տուրք է Ֆրանսիային, որն իր գիրկն ընդունեց Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերի և աջակցում է մինչ օրս:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայկական համայնքների հետ փոխգործակցությունը կարևոր և իմաստուն ռազմավարական քայլ է համարում: Նա մեծ նշանակություն տվեց նաև այն փաստին, որ համագործակցության արդյունքում ARAM միությունը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել «Նանսենյան անձնագիր», որը տեղ կզբաղեցնի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:

Ֆրանսիական Օտտօ ճամբարում, որը բացվել է 1922 թվականին ու գործել է մինչև 1927 թվականը, ապաստանել է ավելի քան 5 հազար հայ գաղթական։

Գաղթականներին վերաբերող տվյալները թվայնացված են, ինչը նրանց սերունդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ տեղեկություններ գտնել նախնիների մասին։ Այդ տվյալների համաձայն՝ գաղթականները եկել են Սիվասից։ Օտտօ ճամբարի տնօրենը հայ է եղել և հրաշալի տիրապետել է ֆրանսերենին։ Եղել է նաև մի դպրոց, որտեղ 400 հայ աշակերտ է սովորել, հետագայում բացվել են հայրենակցական, եկեղեցական միություններ, որոնցից մեկի հիմնադիրը Գրիգորիս Պալաքյանն է եղել, որը ևս փրկվածներից էր։ 

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում