Միացյալ Նահանգներ

Չինաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին արգելվել է ռոմանտիկ հարաբերություններ ունենալ այդ երկրի քաղաքացիների հետ. AP

2 րոպեի ընթերցում

Չինաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին արգելվել է ռոմանտիկ հարաբերություններ ունենալ այդ երկրի քաղաքացիների հետ. AP

ԱՄՆ կառավարությունն արգելել է Չինաստանում գտնվող ամերիկյան կառավարության անձնակազմին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև անվտանգության ոլորտի փորձագետներին որևէ ռոմանտիկ կամ սեռական հարաբերություն ունենալ Չինաստանի քաղաքացիների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Այս հարցին անմիջականորեն տեղյակ չորս աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ նման որոշումն ընդունվել է ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի կողմից հունվարին Չինաստանից նրա հեռանալուց կարճ ժամանակ առաջ։

Թեև ԱՄՆ-ի որոշ գերատեսչություններ արդեն ունեին խիստ կանոններ նման հարաբերությունների վերաբերյալ, սակայն նման քաղաքականության մասին հրապարակայնորեն չէր խոսվել Սառը պատերազմից ի վեր: Եղել են դեպքեր, երբ այլ երկրներում ամերիկացի դիվանագետները հանդիպել են տեղացիների հետ և նույնիսկ ամուսնացել նրանց հետ:

2024 թ. ամռանն ընդունվել էր նման քաղաքականության ավելի սահմանափակ տարբերակ, որն արգելում էր ԱՄՆ անձնակազմին «ռոմանտիկ և սեռական հարաբերություններ» ունենալ Չինաստանի քաղաքացիների հետ, որոնք որպես պահակներ և այլ օժանդակ անձնակազմ աշխատում են ԱՄՆ դեսպանատանը և Չինաստանում գտնվող հինգ հյուպատոսություններում: Բայց հեռացող դեսպան Բեռնսն ընդլայնել է այս կանոնը և արգելք սահմանել Չինաստանում այդ երկրի ցանկացած քաղաքացու հետ նման հարաբերությունների վրա։ 

Ըստ աղբյուրների՝ նման քաղաքականությունն առաջին անգամ քննարկվել է 2024 թ. ամռանը, երբ Կոնգրեսի անդամները Բեռնսի հետ կապվել են և մտահոգություն հայտնել, որ նման հարաբերությունների առումով սահմանափակումները բավարար խիստ չեն։

Բացառություն կարող են կազմել միայն ԱՄՆ անձնակազմի այն անդամները, որոնք արդեն Չինաստանի քաղաքացիների հետ ունեն հաստատված հարաբերություններ։ Նրանք պետք է դիմեն համապատասխան մարմիններին, սակայն եթե իրենց մերժեն, ապա նրանք կա՛մ պետք է դադարեցնեն հարաբերությունները, կա՛մ հրաժարվեն իրենց պաշտոնից։

ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչպես նաև նախկին դեսպանը հրաժարվել են պատասխանել թեմայի շուրջ The Associated Press-ի հարցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում