Միացյալ Նահանգներ

Պուտինի պատվիրակ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի պատվիրակ Ուիթքոֆի հետ

2 րոպեի ընթերցում

Պուտինի պատվիրակ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի պատվիրակ Ուիթքոֆի հետ

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ապրիլի 2-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որը նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյայի։

Դմիտրիևը ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո պետական առաքելությամբ մեկնել է ԱՄՆ։

Reuters-ը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակը սովորել է Սթենֆորդի համալսարանում, եղել է «Գոլդման Սաքս» ընկերության բանկիր և բավական սերտ կապեր ունի Թրամփի թիմի որոշ անդամների հետ։ 

Թե ինչ են քննարկել Դմիտրիևը և Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։ 

Ըստ գործակալության աղբյուրների՝ Ուիթքոֆը Դմիտրիևին ԱՄՆ է հրավիրել անցյալ շաբաթ։ Սպիտակ տունն ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգել էր Դմիտրիևին կարճաժամկետ թույլտվություն տալ երկիր մտնելու համար, քանի որ վերջինս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

Վերջին շաբաթների ընթացքում Դմիտրիևը մի շարք ոլորտներ էր նշել, որոնցում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են աշխատել միասին՝ սկսած ներդրումներից, հազվագյուտ հողային մետաղներից և էներգետիկայի ոլորտից մինչև Արկտիկա, տիեզերք և համագործակցություն ԱՄՆ գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի հետ, որը Դոնալդ Թրամփի թիմի առանցքային անդամ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում