Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել անկլավի հարավային շրջանները

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել անկլավի հարավային շրջանները

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավի մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Ալ Մավասիի հումանիտար գոտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիչայ Ադրային:

«Գազայի բնակիչներին, որոնք գտնվում են Ռաֆահ, Ալ Նասր և Ալ Շավկա մունիցիպալիտետներում, տարածաշրջանի արևելյան և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Ալ Սալամ, Ալ Մանարա և Քիզան Ալ Նաջար շրջաններում, մենք կրկնում ենք մեր հրատապ նախազգուշացումներն ու իրազեկումները՝ զգույշ եղեք: Հանուն ձեր անվտանգության՝ անհրաժեշտ է, որ դուք անհապաղ տեղափոխվեք Ալ Մավասիում գտնվող օթևաններ», - գրել է նա X սոցիալական հարթակում: 

ԻՊԲ-ի ներկայացուցիչը կոչ է արել բնակիչներին հնարավորինս արագ լքել հիշյալ տարածքները և չտրվել տեղահանությանը դիմակայելու ՀԱՄԱՍ-ի փորձերին:

Օրերս իսրայելական բանակը հայտարարեց Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին Գազայի հատվածի հարավում։

Իսրայելը հրադադարի գրեթե երկամսյա ռեժիմից հետո վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են այն բանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարացնելու և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ամերիկյան պլանը։ 

Պաղեստինյան կողմն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է հետևել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին և պատերազմի վերջնական ավարտի ու անկլավից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում