Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

3 րոպեի ընթերցում

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ. նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ տեղեկացնելով, որ սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:

«Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով: 

Այսպիսով, պետական նպաստը նշանակվում և վճարվում էր գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային էր։ Բացի դրանից, գործում էր առանձին ընթացակարգ՝ գործատուի ծախսերը փոխհատուցելու համար: 

Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛  ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված էր փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում:

Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա: 

Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)»,- նշված է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ