Իրան

Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել Թրամփի սպառնալիքների ֆոնին. Tehran Times

2 րոպեի ընթերցում

Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել Թրամփի սպառնալիքների ֆոնին. Tehran Times

Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային նոր համաձայնագիր չկնքելու դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times-ը։

Ըստ պարբերականի՝ մեկնարկի պատրաստ հրթիռները գտնվում են երկրի ամբողջ տարածքով մեկ տեղակայված ստորգետնյա օբյեկտներում և նախատեսված են ավիահարվածներին դիմակայելու համար։

Մարտի 31-ին Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։

Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։ 

Իր առաջին նախագահական ժամկետում՝ 2018 թվականին, Թրամփը Վաշինգտոնը դուրս էր բերել 2015 թվականին Իրանի և մի քանի հզոր տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա և Եվրոպական Միություն) միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնել էր Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Դրան ի պատասխան՝ Իրանը սկսել է փուլ առ փուլ հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։ 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում