Իրավունք

Ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ

3 րոպեի ընթերցում

Ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ

Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն  ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով: 

«Արմենպրես»-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին նաև, որ նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ վերը նշված հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Հաշվի առնելով մեղադրյալների օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները՝ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը:  

Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ այլ մարմինների հետ համատեղ հետևողական է լինելու ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող նմանօրինակ ենթադրյալ հանցագործությունների դեպքերը բացահայտելու, դրանք նախականխելու ուղղությամբ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում