Կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը
3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում հաստատվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, որոշմամբ հաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
«2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի ընդունմամբ առաջացել էր մի շարք իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն։ Մասնավորապես, ոլորտին պետական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ էր սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն զբաղմունքների դասակարգիչները, որոնք դրվելու են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության, ինչպես նաև հարկային արտոնությունների, այդ թվում՝ R&D որակված աշխատանքներում ներգրավված մասնագիտական աշխատանք կատարող անձանց եկամտային հարկի արտոնության տրամադրման հիմքում:
Զբաղմունքների, աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչները սահմանված են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն և N 873-Ն հրամանների հավելվածներով, որոնցում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա մի շարք զբաղմունքների և մասնագիտացումների դասակարգիչներ առկա չէին։ Այս համատեքստում՝ անհրաժեշտություն էր առաջացել մշակել, ամբողջացնել և առանձնացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող զբաղմունքների դասակարգիչների ցանկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ առաջարկվող ցանկում ներառված զբաղմունքներն ու պաշտոնները հիմնականում առանձնացված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հմտությունների, կոմպետենցիաների և զբաղմունքների ազգային դասակարգչի» համապատասխան բաժիններից, որոնց հիմքում ընկած են Եվրոպական հմտությունների, իրավասությունների, որակավորումների և մասնագիտությունների (ESCO) դասակարգչի խմբավորումները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զբաղմունքների ներառմամբ։