Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղաժամ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի «աջակիցների միավորման» մասնակիցների հանդիպումից հետո:
«Պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չի եկել»,- նշել է Մակրոնը՝ ընդգծելով, որ Փարիզում կայացած հանդիպման մնացած մասնակիցները համաձայն են այս դիրքորոշմանը։
Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ նման տեսակետ են հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Շոլցը հայտարարել է, որ նախքան խաղաղության վերականգնումը պատժամիջոցների չեղարկումն անիմաստ է: Իսկ Սթարմերն անգամ հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ոչ թե պատժամիջոցների թուլացման, այլ հակառակը՝ ուժեղացման հնարավորությունը։