Մոսկվան ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, եթե Հայաստանը դեպի ԵՄ գնա. Օվերչուկ
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը, եթե Հայաստանը որոշի գնալ Եվրամիություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Օվերչուկն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու փաստին։
«Մենք մեր կողմից, իհարկե, ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Մենք հասկանում ենք՝ եթե Հայաստանը գնում է Եվրոպա, ապա, համապատասխանաբար, հարկավոր կլինի վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը։ Եվ, ցավոք, դա կանդրադառնա Հայաստանի բնակիչների կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք չէինք ցանկանա»,- ասել է նա։
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ ծանոթացել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին՝ հայտարարելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։
Միևնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ շեշտելով, որ «միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ»։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հասել է 12.7 միլիարդ դոլարի՝ ավելանալով ավելի քան 50 տոկոսով։ «Եթե նայեք նրանց առևտրաշրջանառությանը Եվրամիության հետ, ապա այնտեղ 2 միլիարդից մի փոքր ավելի է, իսկ առևտրաշրջանառությունը նվազել է 12 տոկոսով։ Սա խոսում է այն մասին, թե որքանով է շահավետ առևտուրը Եվրասիական տնտեսական միության հետ և որքանով է շահավետ առևտուրը Եվրոպայի հետ։ Հայերը, իհարկե, պետք է ընտրություն կատարեն»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ Հայաստանն այսօր աշխատում է ակտիվ աշխատանքները Եվրասիական տնտեսական միությունում։ «Այսօր Հայաստանը իր դրական ներդրումն է ունենում հենց եվրասիական ինտեգրացիայի մեջ»,- եզրափակել է Օվերչուկը։