Աշխարհ

Սուդանի զինվորականները վերադարձրել են վերահսկողությունը մայրաքաղաքի օդանավակայանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Սուդանի զինվորականները վերադարձրել են վերահսկողությունը մայրաքաղաքի օդանավակայանի նկատմամբ

Սուդանի զինված ուժերը դուրս են մղել կիսառազմական Արագ արձագանքման ուժերին (ԱԱՈւ) Խարթումի օդանավակայանից, որը վերջիններիս վերահսկողության տակ էր 2023 թ. ապրիլին երկրում հակամարտության սկսվելուց ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

«Օդանավակայանն առաջին օբյեկտներից մեկն էր, որ ԱԱՈւ-ն զավթեց հակամարտության առաջին օրերին…. Բանակը կարողացավ լիովին վերականգնել վերահսկողությունը օդանավակայանի նկատմամբ, այդ թվում՝ նաև քաղաքացիական չվերթերի համար նախատեսված հատվածի նկատմամբ», - լրատվամիջոցը մեջբերում է իր թղթակցի խոսքը իրադարձությունների վայրից։

Al Jazeera-ի տվյալներով՝ զինվորականները նաև գրավել են օդանավակայանի շրջակայքում գտնվող մի քանի բնակելի տարածք։

Ավելի վաղ Սուդանի զինված ուժերը կարողացել էին նաև ԱԱՈւ-ից հետ գրավել Խարթումի նախագահական պալատը և Կենտրոնական բանկը, վերահսկողություն ապահովել Ալ Մանշեյա կամուրջի նկատմամբ, որը Կապույտ Նեղոսով միացնում է Խարթումը և Հյուսիսային Խարթումը:

Այս շրջանում ԱԱՈւ-ի ձեռքում մնում է միայն Խարթումից հարավ գտնվող Ջեբել Աուլիա ամբարտակի ջրարգելակների վրայով անցնող կամուրջը: Տեղի բնակիչների խոսքով՝ ԱԱՈւ-ն մայրաքաղաքից նահանջում է այս ուղղությամբ դեպի հարավ:

Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և ԱԱՈւ-ի միջև շարունակվում է 2023 թ. ապրիլի 15-ից: Հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 28 000 մարդ: Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում