Ինովացիա

Մեկնարկել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» երկօրյա համաժողովը. ԲՏԱ փոխնախարար Մելիքսեթյանը ողջունել է մասնակիցներին

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» երկօրյա համաժողովը. ԲՏԱ փոխնախարար Մելիքսեթյանը ողջունել է մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մարտի 25-ին Հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում մասնակցել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» (Future of Connectivity) խորագիրը կրող երկօրյա համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել Հեռահաղորդակցության միջազգային միությանը՝ միջոցառման կազմակերպման համար, ապա անդրադարձել է տեղեկատվության մշակման և փոխանակման գործում կապի տեխնոլոգիաների ունեցած  առանցքային դերին։

«Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները և կապի համակարգերն աշխարհի ամենադինամիկ զարգացող ոլորտներից են։ Կապի տեխնոլոգիաներն առանցքային դեր են խաղում ամբողջ աշխարհում տեղեկատվության մշակման և փոխանակման գործում։ Այս համաժողովը նշանակալի ներդրում ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման համար՝ ամրապնդելով մասնակիցների միջև կապերը և համագործակցությունը»,- նշել է Գևորգ Մելիքսեթյանը՝ հավելելով, որ համաժողովի ընթացքում կդիտարկվեն ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման հիմնական ասպեկտները, ինչպես նաև ՀՀ կառավարության և կարգավորող մարմնի ներուժը՝ աջակցելու  նոր ծառայությունների ներդրման գործընթացի արագացմանը։

Համաժողովի կարևորությունն է ընդգծել Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է ոլորտի վերջին զարգացումները, նորարարությունները և տեխնոլոգիական առաջընթացը քննարկելը։

«Հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև համաշխարհային տնտեսական, հասարակական փոփոխությունների շարժիչ ուժն է»,- ասել է  Քրիստինե Գյոնջյանը, նաև տեղեկացրել, որ Հայաստան են ժամանել ոլորտի լավագույն փորձագետները, և տեխնոշաբաթվա շրջանակներում բովանդակալից քննարկումներ են սպասվում։  

Միջոցառման մասնակիցներին առցանց ձևաչափով ողջունել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն, շնորհակալություն հայտնել ԲՏԱ նախարարությանը, Հայաստանի օպերատորների միությանը համաժողովի անցկացմանը  օժանդակելու և աջակցելու համար, նշել, որ նմանատիպ միջոցառումները ընդհանուր նպատակի շուրջ են միավորում գիտելիքն ու փորձագիտական հետազոտությունները՝ ուղղված նոր տեխնոլոգիաների  զարգացմանն ու առաջընթացին։  

Հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում, որը մեր երկրում և տարածաշրջանում իրականացվում է առաջին անգամ, տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ. 

  • FWA (Fixed Wireless Access) բջջային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիայի ներդրման միջազգային փորձը
  • Նոր սերնդի Wi-Fi 6/7/8 տեխնոլոգիաների զարգացումը, ներդրումը և կիրառությունը
  • LPWAN (Low-Power Wide-Area Network) տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչպես լիցենզավորված, այնպես էլ առանց լիցենզիայի գործող հաճախականությունների տիրույթում
  • Տիեզերական կապի զարգացման միտումները LEO/MEO/GEO, արբանյակային կապի վերլուծություն
  • Starlink արբանյակային կապի համակարգի զարգացումը և կիրառությունը, Direct-to-Device արբանյակային կապի հեռանկարներն ու մարտահրավերները
  • Բջջային կապի մասնավոր ցանցեր
  • Դրոնները բջջային հաճախականությունների տիրույթում
  • HIBS/HAPS (Բարձրադիր օդային հարթակներ հեռահաղորդակցության համար)
  • Ավտոնոմ ցանցեր և արհեստական բանականություն հեռահաղորդակցությունում
  • Ցանցային API-ներ։

ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ համաժողովը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել տարբեր տեխնոլոգիաներին և զարգացման հայեցակարգերին, ինչպես նաև շարժական և ֆիքսված կապի ցանցերին, իմանալ ժամանակակից և նախորդ սերունդների կապի տեխնոլոգիաների՝ ներառյալ բջջային, արբանյակային և ֆիքսված կապի հիմնական տարբերությունները, ուսումնասիրել աշխարհում նոր տեխնոլոգիաների գործարկման առկա օրինակները, հասկանալ, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինները կարող են օգնել արագացնելու նոր տեխնոլոգիաների և ծառայությունների ներդրումը երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում