Տնտեսություն

Կհստակեցվեն ԼՂ-ում նախկին սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների իրավական անորոշությունները

3 րոպեի ընթերցում

Կհստակեցվեն ԼՂ-ում նախկին սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների իրավական անորոշությունները

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի նպատակը Լեռնային Ղարաբաղում նախկինում գործող սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների շուրջ առաջացած իրավական անորոշությունների հստակեցումն է։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեց նախաձեռնության տրամաբանությունն ու հիմնավորումները։

«Դեռևս 2023 թվականի նոյեմբերին փոփոխություն կատարվեց, որով Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած ընկերություններին հնարավորություն տրվեց մինչև 2024 թվականի դեկտեմբեր գրանցվել Հայաստանում և գործունեությունը շարունակել ՀՀ իրավական դաշտում։ Գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ պարզ է, թե որ ընկերություններն են գրանցվել, որոնք՝ ոչ»,- նշեց Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ առաջացել է իրավական խնդիր՝ կապված այն գույքերի հետ, որոնք որպես գրավ են օգտագործվել ՀՀ-ում գրանցված բանկերի և ԼՂ-ում գործող կազմակերպությունների փոխհարաբերություններում։

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ եթե այդ կազմակերպությունները չեն գրանցվել ՀՀ-ում, ապա դրանց կողմից նախկինում գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները չեն դադարում, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի ֆինանսական կորուստները ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցվել են՝ կողմերի համաձայնեցված կարգով»,- ընդգծեց ԿԲ նախագահի տեղակալը։

Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ խոսքը մոտ 27 միլիարդ դրամի պարտավորությունների մասին է, որոնց դիմաց գրավադրված գույքի գնահատված արժեքը կազմում է մոտ 10-14 միլիարդ դրամ։

Նուրբեկյանը նաև նշեց, որ նման իրավական կարգավորումը թույլ կտա օրինական ճանապարհով լուծել գրավի իրավունքների իրացման հարցերը՝ պաշտպանելով և՛ ֆինանսական կառույցների, և՛ պետության շահերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում