Քաղաքականություն

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

3 րոպեի ընթերցում

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման վերաբերյալ։ 

«Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ 

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին, այո, չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում