Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Երևանի Մնջախաղի թատրոնի դերասաններին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հերթական՝ 4-րդ բեմադրությունը ներկայացվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, թատերական երկամսյակի հերթական հյուրը Երևանի Մնջախաղի թատրոնն էր՝ «Դեպի ներս» ներկայացմամբ, ռեժիսոր՝ Նաիրա Եդիգարյան։
Բեմադրությունը դիտել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների ավագ տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, կրթամշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Գեղարքունիքի մարզում թատերական երկամսյակը կշարունակվի նաև ապրիլին։