Փոդքասթ

Podcast․ Թվայնացումը՝ հուշարձանների կորուստը կանխարգելելու երաշխիք. «Հայկական գանձեր»-ը աշխատանքներ է սկսել Սյունիքում

4 րոպեի ընթերցում

Podcast․ Թվայնացումը՝ հուշարձանների կորուստը կանխարգելելու երաշխիք. «Հայկական գանձեր»-ը աշխատանքներ է սկսել Սյունիքում

Հայաստանի դարավոր մշակութային ժառանգությունը պահպանելու, այն սերունդներին փոխանցելու նպատակով «Հայկական գանձեր» հիմնադրամը հուշարձանների թվայնացման գործընթաց է սկսել։ Թվայնացման ենթակա է Սյունիքի մարզի ավելի քան 40 հուշարձան: Թվայնացումը կատարվում է լազերային սքանավորման և ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր հուշարձանի համար ստեղծվել է 3D վիրտուալ շրջայց, իրականացվում են անօդաչու օդային նկարահանումներ, թվային գծագրեր, պատկերներ և տեսանյութեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հնարավորություն կտա պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, ստեղծել հուշարձանների թվային մոդելների ամենամեծ պահոցը և պատմական վայրերը հասանելի դարձնել աշխարհին։ Մասնագետների խումբը, որն արդեն 10 տարի զբաղվում է այդ գործով, թվայնացման ու սքանավորման աշխատանքներ է իրականացրել Հայաստանում, Արցախում, Երուսաղեմում։

Թվայնացման կարևորության և այլ հարցերի շուրջ վիդեոփոդքասթի ձևաչափով զրուցել ենք նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանի հետ։

Ըստ Սոֆյանի՝ եթե կա այս կամ այն հուշարձանի թվայնացված տարբերակը, հուշարձանի հետ կապված յուրաքանչյուր խնդիր կարող է հաղթահարվել, և հուշարձանը հնարավոր կլինի վերականգնել։ 

«Մենք տեսնում ենք, որ Արցախի հուշարձանները, որոնք այլևս մեր վերահսկողության տակ չեն, վտանգվում են, պղծման են ենթարկվում, ուստի շատ եմ կարևորում մեր գործունեությունը։ Եթե կարողանանք իրականացնել մեր ծրագրերն ու շատ հուշարձաններ թվայնացնել, ապագայում մեր սերունդները կարող են և՛ վերականգնել, և՛ առավել զարգացնել, և՛ ուսումնասիրել  դրանք»,-նշում է Սոֆյանն ու հավելում՝ ծրագիրը մեկնարկել են 12 տարի առաջ։

Այդ տարիներին թվայնացումը բավականին բարդ ու թանկ հաճույք է եղել։ Երեք տարվա ընթացքում  15 մասնագետի միջոցով կարողացել են ինը եկեղեցի թվայնացնել։ Տեխնոլոգիաները զարգացել են, և թիմը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, սարքավորումներին  ու կարող է հաշված օրերի ընթացքում ստանալ մեկ հուշարձանի եռաչափ մոդելը։

«Այս պահին եզակի հնարավորություն ունենք մի քանի ամսվա ընթացքում իրականացնել Սյունիքի մարզի բոլոր հուշարձանների թվայնացումը, իսկ մեկ կամ երկու տարվա ընթացքում հնարավոր է թվայնացնել ամբողջ Հայաստանի հուշարձաններն ու անցնել աշխարհի տարբեր ծայրերում հայկական հուշարձանների թվայնացմանը»,-շեշտում է նախագծի ղեկավարը։

Նախագիծը մեկնարկել են Սյունիքից, որը հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Տեղեկատվական աղբյուրների օգնությամբ առանձնացրել են 48 մշակութային հուշարձան։ Որոշ հուշարձաններում աշխատանքներն ընթանում են, որոշներում ավարտված են։ Բնակիչների հետ խոսելով՝ նկատել են, որ կան նաև խաչքարեր, մատուռներ, բերդեր, որոնց մասին քչերը գիտեն. նաև այդ կոթողներն են թվայնացնելու։ Մեկ ամիս առաջ թվայնացրել են Տաթևի վանքը, առաջիկայում նախատեսում են անդրադառնալ Որոտնավանքին։ 

Թիմում կան նկարազարդողներ, որոնք նկարազարդումներով տվյալ հուշարձանին վերաբերող պատմությունները, լեգենդներն են պատկերում։ Կլինեն նաև պատմությունները ներկայացնող տեքստեր, որոնք ապագայում թարգմանվելու են տարբեր լեզուներով ու տեղադրվելու են https://armeniantreasures.com/ կայքում։

Վլադիմիր Սոֆյանը վստահ է՝ եթե մարդիկ համախմբվում են մի նպատակի շուրջ, ապա անպայման հաջողելու են։ 

Խոսելով ռեսուրսների մասին՝ նա խոստովանում է՝ երբեմն աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում ֆինանսական միջոցների սղության պատճառով, քանի որ թվայնացում իրականացնում են իրենց միջոցներով։ Դրամահավաք են սկսել reArmenia հարթակում, որպեսզի հովանավորներ գտնեն ու արագացնեն գործընթացը։ Իրենց ուժերով կարող են տարեկան տասը կամ տասներկու հուշարձան թվայնացնել։ Աջակցության պարագայում հնարավոր է հարյուր, հարյուր հիսուն հուշարձան թվայնացնել՝ ստեղծելով թվային հարուստ բազա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում