Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել իրենց անձնական տվյալները․ ԿԲ նախագահ
3 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն արձագանքեց ակնթարթային վարկերի հետ կապված խարդախությունների դեպքերին՝ խոստանալով վերլուծել և առաջարկել լուծումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ԿԲ նախագահին հարց ուղղեց քաղաքացիների՝ ակնթարթային վարկերի միջոցով խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ։
Մանավազյանը նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դիմել են՝ հայտարարելով, որ տեղեկացված չեն եղել իրենց անունով վարկի տրամադրման մասին․ «Մարդը անձամբ չի դիմել վարկ վերցնելու համար, բայց իր անունով վարկ է ձևակերպվել, և անձը պարտավոր է այն վճարել։ Ինչո՞ւ անվտանգային ապահովվածությունը սկզբից դրված չի եղել»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ Կենտրոնական բանկը տեղյակ է խնդրից, և այն արդեն քննարկվել է խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ։
«Պայմանավորվածություն ունենք, որ բոլոր դեպքերը կուսումնասիրվեն։ Նախնական քննարկումների արդյունքներով պարզվել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում քաղաքացիներն անձամբ են տրամադրել իրենց տվյալները խարդախներին»,- ասաց նա։
Գալստյանը պարզաբանեց, որ խարդախները որոշակի եղանակով ձեռք են բերում անձնական տվյալներ, որոնք հնարավոր է օգտագործել առցանց միջավայրում մուտք գործելու և վարկ ձևակերպելու նպատակով։ Նա ընդգծեց, որ առցանց գործարքների համակարգի վերացման դեպքում քաղաքացիները կբախվեն նոր բարդությունների․ «Դա կնշանակի, որ պետք է ֆիզիկապես ներկայանան բանկ, ինչը կբերի լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի»,- ասաց Գալստյանը։
Նա հավաստիացրեց, որ ԿԲ-ն ուսումնասիրում է առցանց համակարգերում հնարավոր պաշտպանական բացերը։
«Եթե պարզվի, որ բանկերը համապատասխան ապահովման մեխանիզմներ չեն գործարկել և քաղաքացին վնաս է կրել, ապա տեղի կունենա փոխհատուցում։ Սակայն, նախնական գնահատականով, հիմնականում քաղաքացիներն են անձամբ տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները»,- հավելեց Գալստյանը։
ԿԲ նախագահը վստահեցրեց, որ երբ պատրաստ կլինեն որոշակի առաջարկներ, դրանք կքննարկվեն և կներկայացվեն հանրությանը։