Ռազմական

2024 թվականին ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, որոնցից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան

4 րոպեի ընթերցում

2024 թվականին ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, որոնցից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ 

«2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումը ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամով»,-ասաց Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով՝ 2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրացիոն գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռեսուրսների համալրման և այլ ուղղություններով։

«Չնայած հրադադարի ռեժիմի մասին ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ տարածվող տեղեկություններին՝ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն»,-ընդգծեց Պապիկյանը։ 

Նա հավելեց, որ ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է Բանակի կերպափոխման հայեցակարգը։ Նախարարի խոսքով՝ մշակվել է նաև այդ հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։

«Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման և վերականգնման աշխատանքներ»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Նախարարը հիշեցրեց, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանում անցկացվել է հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր» զորավարժությունը։

«Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ»,-հայտնեց Պաշտպանության նախարարը։ 

Վերջինս մատնանշեց, որ շարունակվել են նաև Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը Կոսովոյում և Լիբանանում միջազգային առաքելություններին։

Վերջինիս բնորոշմամբ՝ բարեփոխումների գործընթացի շրջանակներում լավարկումներ են իրականացվել նաև սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։ 

Պապիկյանը նաև հայտնեց, որ 2023 թվականի համեմատ աճել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմորդների թիվը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում